ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ Է ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼ «ԱՐԱԲԱՏԱՌ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԲԺՇԿԱԳԻՏԱԿԱՆ ՁԵՌԱԳՐԵՐԸ» ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱՆ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության  Գիտության կոմիտեն 2021 թ. որոշման համաձայն «Հայագիտություն և հումանիտար գիտություններ» անվանակարգում ֆինանսավորման է երաշխավորել «Արաբատառ հավաքածուի բժշկագիտական ձեռագրերը» գիտական թեման:

Մաշտոցյան Մատենադարանի Հանրային կապերի բաժնի աշխատակից Գրետա Գասպարյանը թեմայի նպատակների, արդիականության, կատարման ընթացքի և ակնկալվող արդյունքների մասին զրուցել է գիտական խմբի ղեկավար, Մատենադարանի Արևելագիտության բաժնի ավագ գիտաշխատող, արաբագետ, պատմական գիտությունների թեկնածու Վեներա Մակարյանի հետ:

Ներկայացրեք խմբի անդամներին և ուսումնասիրվող թեմայի շրջանակներում  նրանցից յուրաքանչյուրի դերակատարումը։

Մատենադարանի արաբատառ հավաքածուի բժշկագիտական ձեռագրերի նկարագրության և ուսումնասիրության աշխատանքներն իրականացվում են Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի գիտաշխատողների և Քեմբրիջի համալսարանի ասպիրանտի մասնակցությամբ: Որպես ծրագրի ղեկավար և արաբագետ` սույն ծրագրի շրջանակում արաբերեն բժշկագիտական ձեռագրերի նկարագրությունն ու ուսումնասիրությունը կատարում եմ ես: Խմբի կատարող Անի Ժոզեֆի Ավետիսյանը, որպես թուրքագետ, օսմանագետ համապատասխանաբար զբաղվում է օսմաներեն բժշկագիտական ձեռագրերի նկարագրությամբ և ուսումնասիրությամբ, իսկ ծրագրի երիտասարդ կատարող Անի Արթուրի Ավետիսյանին, որը նախկինում Մատենադարանի Արևելագիտության բաժնի լաբորանտ էր, ներկայիս Քեմբրիջի համալսարանի Միջին Արևելքի ֆակուլտետի ասպիրանտ, արաբագետ, եբրայագետ, վստահված է եբրայատառ արաբերեն բժշկական ձեռագրերի նկարագրությունը և ուսումնասիրությունը։

Ո՞րն է դրամաշնորհային ծրագրի գիտական նորույթը։

Ի շարս Մատենադարանի ամբողջ ձեռագրային հավաքածուի՝ արաբատառ ձեռագրերի հավաքածուն նույնպես մշտապես գտնվել/ում է աշխարհի տարբեր գիտակրթական կառույցների՝ ձեռագրագիտական ինստիտուտների, գրադարանների, թանգարանների, համալսարանների և անհատ գիտնականների ուշադրության կենտրոնում և հետաքրքրության շրջանակում: Այդ հետաքրքրությունը բավականաչափ սպառելու և համաշխարհային հանրությանը մեր ունեցած ձեռագիր ժառանգությունը ճիշտ և բովանդակալից ներկայացնելու և, հետևաբար այդ ասպարեզում նրա ուրույն և կայուն տեղն ապահովելու համար նախևառաջ անհրաժեշտ է ձեռագրացուցակների կազմումը: Արաբատառ հավաքածուի ձեռագրացուցակների կազմման բարդ գործը հնարավորինս դյուրացնելու համար ընտրել ենք ձեռագրերի թեմատիկ նկարագրությունը, ինչն էլ բացի աշխատանքի և ժամանակի արդյունավետ տնօրինումից հնարավորություն է տալիս նաև արդեն իսկ պատրաստ նկարագրությունների հիման վրա կատարել ծավալուն ուսումնասիրություններ և, փաստացի, թեման դնել գիտական շրջանառության մեջ: Առաջնորդվելով այս տրամաբանությամբ և ուսումնասիրելով Մատենադարանի Արաբատառ հավաքածուի շուրջ առկա հետաքրքության շրջանակները՝ առաջնահերթ ենք համարում նշված հավաքածուի արաբերեն, օսմաներեն, եբրայատառ արաբերեն բժշկագիտական ձեռագրերի ընդարձակ նկարագրությունը և համապատասխան ուսումնասիրությունը, քանի որ շարքի պարսկերեն ձեռագրերը նկարագրված և հրատարակված են նույն՝ Մատենադարանի Արևելագիտության բաժնի առաջատար գիտաշխատող, իրանագետ Քրիստինե Կոստիկյանի “Catalogue of Persian Manuscripts in the Matenadaran”-ում։

Ո՞րոնք են թեմայի նպատակները և արդիականությունը:

Թեմայի նպատակն է նախևառաջ ըստ պատշաճի ուսումնասիրել և միջազգային հանրությանը ներկայացնել Հայաստանի ամենամեծ ձեռագրապահոցի Արաբատառ հավաքածուն (թվով 2-րդ հավաքածուն հայերեն ձեռագրերից հետո, շուրջ  2732 միավոր ձեռագիր), որի ներկայիս ամենաբովանդակալից և գիտական միջավայրում մեծ հետաքրքություն ներկայացնող, սակայն դեռևս չուսումնասիրված մասը հենց բժշկագիտական աշխատություններն են:

Մատենադարանի Արաբատառ հավաքածուի նկարագրությունը և ուսումնասիրությունը ունի նաև մեկ այլ կարևոր նպատակ՝ աշխարհին ցույց տալ հայ քրիստոնյա ձեռագիր ժառանգության կողքին այլալեզու, այլակրոն ժառանգության պահպանմանն ուղղված մեր ջանքերը, օտար մշակույթի նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրությունն ու ճանաչողությունը:

Որո՞նք են ծրագրի իրագործման ակնկալվող արդյունքները։

Նախագծի իրականացման շրջանակում նախատեսվում է Մատենադարանի Արաբատառ հավաքածուի արաբերեն և օսմաներեն բժշկագիտական ձեռագրերի ընդարձակ գիտական նկարագրություն և ուսումնասիրություն, հոդվածների հրատարակում, այդ թվում նաև միջազգային գիտական հանդեսներում, ինչպես նաև ծրագրի և ուսումնասիրված նյութի հիման վրա զեկուցումներ տեղական և միջազգային գիտաժողովներին։

 Ծրագրի ավարտից հետո նախատեսում ենք Արաբատառ հավաքածուի բժշկագիտական բոլոր ձեռագրերի երկլեզու՝ հայերեն և անգլերեն ընդարձակ ձեռագրացուցակի պատրաստում։

Ծրագրի իրականացման գործում արդյո՞ք առկա են միջազգային համագործակցության նախադրյալներ։

Մատենադարանի Արաբատառ հավաքածուն համաշխարհային ձեռագրային ժառանգության մաս է կազմում։ Սակայն, միևնույն ժամանակ, արաբերենի և օսմաներենի ամբողջական ձեռագրացուցակները դեռևս կազմված չեն, մեծամասամբ անհայտ են այլազգի ձեռագրագետների համար, հետևաբար դուրս են մնում համանուն ձեռագիր աշխատությունների մատենագիտական ցանկերից։ Հետևաբար,  բժշկագիտական ձեռագրերի նկարագրության համար ընտրված սկզբունքը՝  թեմատիկ ընդարձակ նկարագրությունը և ուսումնասիրությունը, հնարավորություն է տալիս դրանք ներկայացնելու և՛ ձեռագրագիտական  և՛ բժշկագիտական տեսանկյուններից՝ այդպիսով ապահովելով օրինակների գիտական շրջանառությունը և հասանելիությունը միջազգային գիտական լայն շրջանակներին: Արդյունքում, մեր հավաքածուի բժշկագիտական ձեռագրերի նկարագրություններն ու ուսումնասիրությունները կհամալրեն բժշկագիտական և ձեռագրագիտական  աշխատությունների, տպագիր ձեռագրացուցակների և էլեկտրոնային շտեմարանների շարքերը:

Ո՞ր փուլում է այժմ գտնվում ծրագիրը։ Ներկայացրեք ծրագրի ընթացքը։

Ներկայումս ավարտված են Մատենադարանի Արաբատառ հավաքածուի անտիպ ձեռագրացուցակների ուսումնասիրությունը, որոնց հիման վրա ծրագրի երեք կատարողներն արդեն իսկ սկսել են ձեռագրերի նկարագրությունները՝ զուգահեռաբար ճշտելով և հստակեցնելով բժշկագիտական շարքի ձեռագրերի քանակը, աշխատությունների անվանումները և բովանդակությունը։

“Arabic Medical Manuscripts of the Matenadaran” խորագրի ներքո արաբերեն բժշկագիտական ձեռագրերն ընդհանուր կերպով արդեն ներկայացրել եմ սույն թվականի մայիսի 17-19-ը Մարբուրգում կազմակերպված Մերձավոր Արևելքի գրադարանային կոմիտեի 43-րդ միջազգային գիտաժողովին (43rd MELCom International Conference Marburg 17-19 May 2022, Philipps-Universität Marburg, University Library).

Շուտով տպագրության կհանձնվի իմ և խմբի երիտասարդ կատարող Անի Արթուրի Ավետիսյանի համահեղինակած հոդվածը։ Այն շարքի երկու՝ արաբերեն և եբրայատառ արաբերեն բժշկարանների մասին է, որտեղ նշված ձեռագրերի նկարագրությունից և ձեռագրագիտական համեմատական քննությունից բացի ծավալուն անդրադարձ է կատարվել հենց «բժշկարաններին», որոնք միայն պրակտիկ բժշկության վերաբերյալ գործեր են և ուղղված են «նրանց, ովքեր չեն կարող դիմել բժշկին»։

Ի՞նչ կտա սույն ծրագրի իրագործումը գիտությամբ զբաղվող անձանց և մասնագիտական շրջանակներին։

Մատենադարանի արաբերեն և օսմաներեն բժշկագիտական ձեռագրերը միջնադարյան մեծահամբավ արևելյան բժշկագետների նշանավոր գործեր են: Հատկապես արժեքավոր են բժշկագիտական ժողովածուները, որոնցից շատերն ընդգրկում են մինչև 3-4 նշանավոր աշխատություններ: Բժշկագիտական տեսանկյունից այս ձեռագրերի բնագրային ընդարձակ նկարագրության և ուսումնասիրության պահանջն առկա է հենց հայ բժշկագիտության, ինչպես նաև պրակտիկ բժշկության ոլորտում: Ինչպես գիտենք, հայ բժշկությունն ամբողջությամբ ազդված է անտիկ և արևելյան, մասնավորապես արաբական բժշկագիտական դպրոցից, ուստի մատենադարանյան նշված շարքի ձեռագրերի նկարագրությունը հնարավորություն կտա ոլորտի մասնագետներին գիտահամեմատական աշխատանքներ կատարելու:

Այն փաստը, որ որոշ ձեռագրերի ուսումնասիրման փուլում նախատեսվում է նաև որոշ կարևոր և արժանահավատ դեղագրերի (հաստատված հենց հեղինակի կողմից՝ հետևյալ գրությամբ. «փորձված է, օգնել է») բառացի թարգմանություն, ուստի թեմայի շուրջ հետաքրքրվածության շրջանակն առավել կընդլայնվի՝ ներգրավելով նաև ավանդական բժշկությամբ զբաղվող բժիշկների, դեղագետների, որոնք հնարավորություն կունենան ծանոթանալու միջնադարյան ձեռագիր բժշկարաններում առկա բազմաթիվ դեղագրերին և, ինչու ոչ, դրանք հետագայում դնել կիրառության մեջ:  Իսկ ձեռագրագիտական տեսանկյունից, ինչպես արդեն անդրադարձանք, կունենանք նշված շարքի ձեռագրերի ընդարձակ նկարագրություններ, որոնք հետագայում մաս կկազմեն Մատենադարանի արաբատառ բժշկագիտական ձեռագրացուցակի։

Որքանո՞վ ազդեցություն կունենա թեմայի բարեհաջող իրականացումը տվյալ բնագավառի զարգացման գործում։  

Ձեռագրերի թեմատիկ նկարգրությունները, կարծում ենք շարունակական կլինեն, որի արդյունքում կունենանք Մատենադարանի արաբատառ հավաքածուի թեմատիկ ձեռագրացուցակներ, որոնք էլ հետագայում կամբողջացնեն Արաբատառ հավաքածուի արաբերեն և օսմաներեն ընդհանուր ձեռագրացուցակները, որը մեր հիմնական խնդիրն է։     

Կիսվել