ՉԵԽԻԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՊՐԱՀԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԻԿՕՄ-Ի (ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ) ԳԼԽԱՎՈՐ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ

Օգոստոսի 20-28-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվեց ԻԿՕՄ-ի (Թանգարանների միջազգային խորհուրդ) գլխավոր վեհաժողովը, որին մասնակցում էր նաև Հայաստանը։ ԻԿՕՄ-ը երեք տարի պարբերականությամբ անցկացնում է վեհաժողով, որին մասնակցում են աշխարհի բոլոր մայրցամաքներից ժամանած թանգարանային գործի մասնագետներ, ղեկավարներ ու հետազոտողներ։
Միջազգային տարբեր կառույցներից ավելի քան 3000 մասնակից ներկա էր Պրահայում ընթացող բանավեճերին, կլոր սեղաններին, ցանցային և մշակութային միջոցառումներին: Հայկական պատվիրակությունը ԻԿՕՄ Հայաստանի նախագահ Հայկ Մկրտչյանի գլխավորությամբ վեհաժողովին մասնակցեց 16 անդամով, որոնք ներկայացնում էին Հայաստանի ամենատարբեր թանգարանները, այդ թվում՝ Մաշտոցյան Մատենադարանը (ԻԿՕՄ Հայաստանի ինստիտուցիոնալ կառույցներից մեկն է), Հայաստանի ազգային պատկերասրահը, Հայաստանի պատմության թանգարանը, Երևանի պատմության թանգարանը, Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, Ռուսական արվեստի թանգարանը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանը։


Մատենադարանից մասնակցեցին Հանրային կապերի բաժնի վարիչ Տաթև Սարոյանը (զեկուցման թեմա՝ «Սուրճի հետագիծը Հայաստանի թանգարաններում», կոմիտե՝ ICOM/CECA), Արխիվի ավագ ֆոնդապահ Սիրանուշ Ֆահրադյանը (զեկուցման թեմա՝ «Մատենադարանը և նրա հավաքածուները», կոմիտե՝ COMCOL/ICOM), Միջնադարյան գրականության և բանասիրության բաժնի ավագ գիտաշխատող Անուշ Ապրեսյանը (զեկուցման թեմա՝ «Գիտնականի և գիդի համադրումը թանգարանային աշխատանքում», կոմիտե՝ ICOM ICTOP)։ Մասնակիցները, անդամագրված լինելով ԻԿՕՄ-ի տարբեր կոմիտեներին, Հայաստանն ու Մատենադարանը ներկայացրին՝ հանդես գալով զեկուցումներով ու սահիկաշարով։
Օգոստոսի 23-ին վեհաժողովի մասնակիցներին ընդունեց Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը։ Դեսպանությունում կայացած հանդիպման ընթացքում քննարկվեցին ապագա ծրագրերի և համագործակցության հնարավորությունները։

Կիսվել