ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ Է ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼ «ՀԱՅԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՊԱՐՍԿԵՐԵՆԻ ՏԱՐԱԾՎԱԾՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ. ՀԱՅԱՏԱՌ ՊԱՐՍԿԵՐԵՆ ԲԱՌԱՐԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՊԱՐՍԿԵՐԵՆԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՍՏԵՂԾՎԱԾ ՁԵՌԱԳՐԵՐԸ (ԺԶ-ԺԹ. ԴԱՐԵՐ)» ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱՆ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության  Գիտության կոմիտեն 2021 թ. որոշման համաձայն «Լեզվագիտություն, գրականագիտություն» անվանակարգում ֆինանսավորման է երաշխավորել «Հայերի շրջանում պարսկերենի տարածվածության սահմանները. հայատառ պարսկերեն բառարանագրությունը և պարսկերենի ուսուցման համար ստեղծված ձեռագրերը (ԺԶ-ԺԹ. դարեր)» գիտական թեման:

Մաշտոցյան Մատենադարանի Հանրային կապերի բաժնի աշխատակից Գրետա Գասպարյանը թեմայի նպատակների, արդիականության, կատարման ընթացքի և ակնկալվող արդյունքների մասին զրուցել է գիտական խմբի ղեկավար, Մատենադարանի Արևելագիտության բաժնի ավագ գիտաշխատող Հասմիկ Կիրակոսյանի հետ:

Հասմիկ Կիրակոսյան, Աստղիկ Գեղամյան, Թերեզա Ամրյան

Ներկայացրեք գիտական խմբում ընդգրկված անդամներին:

Մեր խմբում ընդգրկված անդամներն են՝ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի դոցենտ Թերեզա Ամրյանը, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի դասախոս Աստղիկ Գեղամյանը և ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի ասիստենտ Սոնա Դավթյանը:

Համառոտ ներկայացրեք ուսումնասիրվող թեման և դրա գիտական նորույթը։

Թեման վերաբերում է հայ ժողովրդի ինքնության պատմության  կարևոր հարցերից մեկին՝ լեզվի և կրթության միջոցով հայկական ինքնության պահպանման խնդրին՝ իրանահպատակ և պարսկականացման ենթարկված շրջանների հայության մոտ։ ԺԶ-ԺԹ. դարերում հայ մտավոր կյանքում արձանագրված իրողությունների ուսումնասիրությունը էապես կարևոր է  արձանագրելու համար այն ուղին, որի շնորհիվ հայ ազգային և կրոնական ինքնությունը պահպանվեց և կայունացավ։ Այդ իրողությունների բովում էին հայոց մեջ գրագիտության տարածման ձևերն ու միջոցները, դպրոցների հիմնադրումն ու գործունեությունը, տպագրական գործի սկսումը, միով բանիվ՝ հայ դպրության վերականգնումը և վերածնումը։ 

Ծրագրի շրջանակում վեր է հանվում և քննական ուսումնասիրության  ենթարկվում հայատառ պարսկերեն ժառանգությունը՝ կարևորելով հայատառության կիրառական նշանակությունը հայ ինքնության պատմության մեջ։ Թեմայի հետազոտության արդյունքում հստակ կընդգծվի պարսկերենի տարածվածության և գործածության սահմանները իրանահպատակ և պարսկերենի ազդեցությանը ենթարկված տարածքների հայության շրջանում, կբացահայտվի հայատառ պարսկերեն գրված երկլեզու և եռալեզու բառարան-ուսումնական ձեռնարկների կիրառական նշանակությունը և տիրապետող լեզվի նկատմամբ հայերենի դիրքն ու դերը։ Մատենադարանում և Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքում պահվող համապատասխան ձեռագրերի ուսումնասիրությամբ վեր հանված տվյալների ու վկայությունների համադրումը թույլ կտա լուսաբանելու ԺԶ-ԺԹ. դարերում հայ ինքնության պահպանման համար օգտագործված գործիքակազմը և ստեղծված մշակութային ժառանգությունը:

Ո՞րոնք են թեմայի նպատակները։

Նախ ուսումնասիրել հայերի շրջանում պարսկերենի տարածվածության և գործածության սահմանները՝ բանավոր և գրավոր մակարդակներում, հավաքել և ցանկագրել հայատառ, պարսկերեն-հայերեն երկլեզու,  նաև՝ մատենակից բառարանները՝ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի ձեռագրաֆոնդերից, հետազոտել հայերի շրջանում պարսկերենի բանավոր տարբերակի տիրապետման և հայ միջնադարյան գեղարվեստական գրականության մեջ պարսկերեն բառապաշարի ու հատվածների գորածածության կապը և արդյունքները, ցուցակագրել հայերեն ձեռագրերը, որոնք հատվածաբար կամ ամբողջությամբ պարսկերենի ուսուցման ձեռնարկներ են եղել,  ուսումնասիրել պարսկերենի գերակայությանը ենթարկված տարածքներում հայերի շրջանում գրավոր պարսկերենի ուսուցման պատմությունը և աշխարհագրական ընդգրկվածությունը (ԺԸ. դարավերջ — ԺԹ. դարասկիզբ) և ուսումնասիրել հայերի կողմից քրիստոնեական տեքստերը հայատառ պարսկերեն գրելու պատճառներն ու նպատակները։

Ուսումնասիրության  ո՞ր փուլում է այժմ գտնվում ծրագիրը։ Ներկայացրեք ծրագրի ընթացքը։

Ծրագրի իրականացման առաջին տարին է, և հիմնական աշխատանքը կենտրոնացած է հետազոտական նյութերի հավաքման և դասակարգման, համապատասխան գրականություն ձեռք բերելու խնդիրների վրա։ 2022 թվականի փետրվար ամսին ես և անդամներից Ա. Գեղամյանը գործուղվել ենք ԻԻՀ Սպահանի Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի ձեռագրաֆոնդում ուսումնասիրություն կատարելու։ Ձեռք բերված ձեռագրային նյութերը գտնվում են մշակման և  ուսումնասիրման փուլում։

Ծրագրի իրականացման ընթացքում արդյո՞ք կան միջազգային համագործակցության նախադրյալներ։

Սույն թեման իր մեջ ներառում է նաև իրանագիտական և տարածաշրջանային բաղադրիչներ, որով հետաքրքրված են միջազգային գիտական համապատասխան շրջանակները։ Ակնկալում ենք թեման ուսումնասիրելու ընթացքում համագործակցել նաև այդ բնագավառներում ներգրավված ուսումնասիրողների, ինչպես նաև՝ հետազոտության արդյունքները ներկայացնել տարբեր միջազգային գիտաժողովների ընթացքում։

Ի՞նչ կտա սույն ծրագրի իրագործումը գիտությամբ զբաղվող անձանց և ոլորտի մասնագետներին։  

Հայատառ պարսկերեն ձեռագրային նյութը մինչ այժմ չի ենթարկվել ուսումնասիրության և այդ ժառանգության քննությունը թույլ կտա այն համեմատական համատեքստում դիտարկելու հայատառ օտարալեզու այլ գրականությունների հետ, գնահատելու դրա նշանակությունը հայոց պատմության խնդիրների համար։ Հայոց լեզվի պատմությամբ զբաղվող հետազոտողների համար այն կարևոր նյութ է տրամադրում հայերենի պատմական ուղղագրության և բառապաշարի զարգացման խնդիրները ուսումնասիրելու համար։

Կարծում ենք՝ թեմայի հաջող իրականացումը կնպաստի հայատառ պարսկերեն գրականության՝ որպես հայագիտության առանձին բնագավառի կայացմանը։ Այն կհամալրի հայոց մշակութային ժառանգությունը և հայատառ պարսկերեն ձեռագրային նյութը, իր ուրույն տեղը կգտնի հայկական մշակութային ժառանգության մեջ և կնպաստի հայկական մշակույթի համակողմանի իմացությանը։ 

Ի՞նչ արդյունքներ եք ակնկալում ծրագրի իրագործման ավարտին։

Սույն գիտական հետազոտության հիմնական խնդիրը պատմական իրականությունից անհրաժեշտ տեղեկությունների ստացումն է՝ նշված նյութի համակողմանի ու խորքային ուսումնասիրմամբ, որը թույլ է տալիս ավելի հիմնավորված բացատրություններ տալ արդեն հայտնի փաստերին և կանխատեսել նորերը:  Ծրագրի հետազոտական աշխատանքի ավարտին կունենանք հայատառ պարսկերեն նյութի դասակարգված ցանկ՝ այդ նյութի մանրամասն բանասիրական վերլուծությամբ: Հայ դպրության պատմության բնագավառում շրջանառության մեջ կդրվի հայերի համար գրված պարսկերեն դասագրքերի կազմման և գործածության վերաբերյալ հետազոտական նյութ։   

Կիսվել