ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ Է ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼ «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱՆՑԻԿ ԱՌԵՎՏՐԻ ՈՒՂԻՆԵՐՈՒՄ XI-XVIII ԴԱՐԵՐՈՒՄ» ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱՆ


ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գիտության կոմիտեն 2020 թ. որոշման համաձայն «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում «Հասարակական գիտություններ» և «Հայագիտություն և հումանիտար գիտություններ» բնագավառների մասնագիտություններով օտարերկրյա գործընկերոջ ընդգրկմամբ գիտական թեմաների հայտերի մրցույթ» անվանակարգում ֆինանսավորման է երաշխավորել «Հարավային Կովկասը միջազգային տարանցիկ առևտրի ուղիներում XI-XVIII դարերում» գիտական թեման:

Մաշտոցյան Մատենադարանի Հանրային կապերի բաժնի աշխատակից Գրետա Գասպարյանը թեմայի նպատակների, արդիականության, կատարման ընթացքի և ակնկալվող արդյունքների մասին զրուցել է գիտական խմբի ղեկավար, Մատենադարանի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Քրիստինե Կոստիկյանի հետ:

Էլինա Ղազարյան, Տոմոկո Մորիկավա, Քրիստինե Կոստիկյան, Գոռ Մարգարյան

Ներկայացրեք խմբի անդամներին:

Ծրագրի ղեկավարն եմ ես՝ Մատենադարանի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Քրիստինե Կոստիկյանս։ Հեղինակ եմ պարսկերեն աղբյուրագիտական ոլորտի 7 մենագրության և շուրջ 30 հոդվածների։ Աղբյուրագիտական աշխատանքներս ուղղված են պարսկերեն վավերագրերի ու պատմագրական երկերի` հայագիտությանը առնչվող նյութի հետազոտությանը։

Խմբի անդամներն են՝ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն, առաջատար գիտաշխատող, ԵՊՀ և ԵՊՄՀ դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Գոռ Մարգարյանը։ Նա ներգրավված է եղել արաբական և պարսկական աղբյուրագիտության ոլորտում մեր ձեռնարկած նախկին դրամաշնորհային ծրագրերի իրականացման աշխատանքներում։

Մեր մյուս անդամը պատմական գիտությունների թեկնածու Արամ Վարդանյանն է, որն այժմ աշխատում է «Numismatica Genevensis S.A. (Geneve/Dubai)»-ում որպես մուսուլմանական դրամների փորձագետ և խորհրդատու։ Նա մեր ծրագրի աշխատանքներին միացել է 2021 թ. գարնանը նախկին մասնակից Հայրապետ Մարգարյանի մահից հետո։ Արամ Վարդանյանը ներկայումս գտնվում է Լեհաստանում, որտեղ մեր ծրագրի շրջանակներում զեկուցում է ներկայացնելու։

Մեր խմբի կրտսեր անդամը Մատենադարանի կրտսեր գիտաշխատող և նաև  հայցորդ Էլինա Ղազարյանն է, որը մեր գիտական ղեկավարությամբ գրում է իր թեկնածուական ատենախոսությունը, որի վերնագիրն է «Հայաստանը և հայերը ըստ 14-17-րդ դարերի պարսկերեն պատմաաշխարհագրական երկերի»։   

Մեր ծրագրի արտասահմանյան գործընկերը Տոկիոյի համալսարանի պրոֆեսոր Տոմոկո Մորիկավան է։ Նա ունի հետազոտություններ իրանագիտության և հայագիտության՝ մասնավորապես Նոր Ջուղայի հայ վաճառականների վերաբերյալ։ Գրել է նաև մենագրություն պարսկերեն վավերագիտության ոլորտում։

Ո՞րն է դրամաշնորհային ծրագրի գիտական նորույթը և արդիականությունը։

Խմբի անդամների համատեղ ջանքերով ի մի բերելով թեմային առնչվող արդեն առկա գիտական աշխատանքները՝ հետազոտվում են դեռևս հիմնովին չուսումնասիրված զանազան հարցեր և աղբյուրագիտական լայն հենքի վրա, նաև Մատենադարանի պարսկերեն անտիպ վավերագրերի ներգրավմամբ հրապարակվում են հոդվածներ բոկի ցանկում և միջազգային ինդեքսավորվող շտեմարաններում ընդգրկված ամսագրերում թեմային վերաբերող շատուշատ խնդիրների շուրջ։ Արդյունքում հրապարակվում են ինչպես հայերեն, այնպես էլ օտար լեզուներով հետազոտություններ, որոնք գիտական հանրությանը նորովի են ներկայացնում Կովկասի տարանցիկ առևտրի պատմությանը վերաբերող բազմաթիվ հարցեր և շեշտում տարածաշրջանի հայ վաճառականության կարևոր դերը։ Թեմայի արդիականությունը էլ ավելի է կարևորվում Հայաստանով անցնող  ճանապարհների շուրջ  ծառացած ներկայիս խնդիրների պայմաններում։

Ո՞րոնք են թեմայի նպատակները և ծրագրի իրագործման ակնկալվող արդյունքները:

            Թեմայի նպատակներն են՝ համակողմանի ուսումնասիրել Հարավային Կովկասով անցնող առևտրական ուղիները, այդ ուղիներին զարգացող առևտրական բնակավայրերը և միջազգային առևտրում կատարվող փոփոխությունները XI-XVIII դարերում՝ ժամանակային կտրվածքով ու առանձին փուլերով,  հետազոտել XI-XVIII դարերում Հարավային Կովկասով ընթացող միջազգային առևտրում հայերի ու մյուս ժողովուրդների դերը։
            2020-2023 թթ. ընթացքում ծրագրի կատարման արդյունքում նախատեսվում է ներկայացնել թեմայի վերաբերյալ 12-15 գիտական հաղորդում միջազգային գիտաժողովներին, ինդեքսավորվող միջազգային հեղինակավոր շտեմարաններում ընդգրկված գիտական ամսագրերում և պարբերականներում, ինչպես նաև հայկական գրախոսվող գիտական հեղինակավոր պարբերականներում հրատարակել թեմայի վերաբերյալ 12-15 գիտական հոդված (առնվազն 5-ը՝ օտարերկրյա գրախոսվող հեղինակավոր ամսագրերում, և առնվազն երեքը՝ օտարերկրյա գործընկերոջ հետ համատեղությամբ), հրատարակել թեմայի կատարմամբ ձեռք բերված արդյունքները կոլեկտիվ մենագրության տեսքով:

Գոռ Մարգարյան, Տոմոկո Մորիկավա, Քրիստինե Կոստիկյան, Էլինա Ղազարյան

Ծրագրի իրականացման գործում արդյո՞ք առկա են միջազգային համագործակցության նախադրյալներ։

            Թեմայի շրջանակներում ղեկավարը արտասահմանյան գործընկերոջ հետ 2021 թ. մայիսի 15-ին հեռավար մասնակցել է Տոկիոյում կազմակերպված Արևելագիտությանը նվիրված 65-րդ միջազգային գիտաժողովին (65th ICES International conference of Eastern Studies) և կարդացել զեկուցում նվիրված վաղ արդի շրջանի հայ վաճառականությանը Հայաստանում (Armenian merchants in Armenia in early modern period)։

Թեմայի շրջանակներում 2022 թ. սեպտեմբերի 5-6-ին անցկացվեց միջազգային գիտաժողով, որը հնարավորություն տվեց ներկայացնել ու քննարկել ծրագրի խնդիրների շուրջ ինչպես խմբի անդամների նոր հետազոտության որոշ արդյունքները, այնպես էլ ծանոթանալ տեղի և արտերկրի գիտնականների թեմային առնչվող վերջին աշխատանքներին և ձեռքբերումներին, անցկացնել նրանց հետ փորձի փոխանակում, զարգացնել գիտական համագործակցությունը նրանց և ճապոնացի գործընկերոջ հետ։

Նպատակ ունենք զարգացնել գիտական համագործակցությունը համատեղ հոդվածների հրատարակությամբ և արտերկրում գիտաժողովների համատեղ նիստեր ու աշխատաժողովներ կազմակերպելու միջոցով:

Ո՞ր փուլում է այժմ գտնվում ծրագիրը։ Ներկայացրեք ծրագրի ընթացքը։

Արդեն ունենք ծրագրի շրջանակներում հրատարակված 7 հոդված, որոնցից  երկուսը միջազգային շտեմարաններում ընդգրկված պարբերականներում են, իսկ  երկուսը ընդունվել են նմանատիպ պարբերականներում հրատարակության: Սույն թվականի սեպտեմբերի 5-6-ը թեմայի շրջանակներում կազմակերպվեց միջազգային գիտաժողով, որին մասնակցում էին ինչպես ծրագրի մասնակիցները, այնպես էլ նրա արտասահմանյան գործընկերը և մեկ տասնյակից ավելի գիտնականներ արտերկրից:

Ի՞նչ կտա սույն ծրագրի իրագործումը գիտությամբ զբաղվող անձանց և մասնագիտական շրջանակներին։

Բարձր վարկանշային ամսագրերում տպագրված առանձին հոդվածներով և դրանք ընդգրկող մենագրությամբ  գիտությամբ զբաղվող անձանց և մասնագիտական շրջանակներին կներկայացվեն XI-XVIII դարերի Հարավային Կովկասի տարանցիկ ճանապարհները, դրանց փոփոխությունները, առևտրից գանձվող հարկերը, քաղաքներն ու առևտրական կենտրոնները, հայ վաճառականների գործունեությունը՝ շրջանառության մեջ դնելով այդ հարցերին վերաբերող հարուստ  աղբյուրագիտական տվյալները ու դեռևս անտիպ վավերագրերի առատ նյութը։

Կիսվել