Մաշտոցյան Մատենադարանի Արխիվի և արխիվագիտության բաժինը տեղեկացնում է, որ մշակված արխիվային ֆոնդերի շարքը համալրվել է ևս մեկով, որը վերաբերում է լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱ-ի թղթակից անդամ Աշոտ Արսենի Աբրահամյանին (1918-1985 թթ.):
Ծնվել է 1918 թ. սեպտեմբերի 17-ին Հայաստանի Սևանի շրջանի Գեղամավան գյուղում (նախկին Շահրիզ, Նոր Բայազետի գավառ)։ Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտում։ 1943 թ. ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետի հեռակա բաժինը։ 1948 թ. «Հայերենի դերբայները և նրանց ձևաբանական արժեքը» թեմայով պաշտպանել է թեզ և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ Իսկ 1963 թ. «Բայը ժամանակակից հայերենում» թեմայով պաշտպանել է դոկտորական թեզ և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի կոչում։
Ուշագրավ ներդրումներ ունի հայոց լեզվի բայակազմության, բայական կարգերի ձևաբանական հատկությունների քննության գործում։ Հեղինակ է հայերենի պատմական հնչյունաբանությանը, բառաքննությանը և այլ հարցերին նվիրված բազմաթիվ հոդվածների, «Գրաբարի ձեռնարկ»-ի։ Նրա՝ գրաբարից աշխարհաբար փոխադրությամբ լույս է տեսել Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց»-ը (1970 թ.)։ Նշանակալի է Աբրահամյանի՝ Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմության» աշխարհաբար թարգմանությունը, որտեղ նա անդրադարձել է նաև այդ գործի այլալեզու թարգմանություններին։
Մահացել է 1985 թ. ապրիլի 16-ին Երևանում։
Աշոտ Աբրահամյանի արխիվային փաստաթղթերի ֆոնդում պահպանվում է 666 միավորով 868 փաստաթուղթ։
Մշակող՝ Արուս Բոյաջյան