ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՍԻՄԵՈՆ ԵՐԵՎԱՆՑՈՒ «ՋԱՄԲՌ» ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Մաշտոցյան Մատենադարանի 15-19-րդ դարերի հայ մատենագրության բաժնի ավագ գիտաշխատող Հրանտ Օհանյանի աշխատասիրությամբ լույս է տեսել Սիմեոն Երևանցու «Ջամբռ» երկը:
Գիրքն Ամենայն Հայոց կաթողիկոս Սիմեոն Ա. Երևանցու (1710-1780 թթ.) «Ջամբռ»-ի լրացված գիտաքննական բնագիրն է՝ հեղինակային ձեռագրերի և երկի 1873 թ. հրատարակության համեմատությամբ: Սկզբնաղբյուրը ներկայացնում է Հայ Առաքելական եկեղեցու պատմությունը՝ Հայոց հայրապետների գահակալումը, եկեղեցական թեմերը, նվիրապետական աթոռները (Աղվանից, Աղթամարի և Կիլիկիո) և Մայր Աթոռի դիվանի փաստաթղթերի հիման վրա՝ Ս. Էջմիածնի իրավական և սոցիալ-տնտեսական վիճակի մանրամասն պատկերը:
Աշխատությունն ունի առաջաբան, ուսումնասիրություն, ծանոթագրություններ, օտար բառերի ու եզրույթների բառարան, օժանդակ ցանկեր։ Հրատարակվել է որպես «Տնտեսական պատմության վավերագրեր» մատենաշարի հինգերորդ հատոր և նախատեսված է հայագետների, տնտեսական պատմության մասնագետների, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանակի համար:
Հրատարակվել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ: Խմբագիրներն են՝ պատմական գիտությունների դոկտոր Կարեն Մաթևոսյանը և պատմական գիտությունների թեկնածու Վահե Թորոսյանը:
Տպագրությանն աջակցել է ՀՀ ԳԱԱ «Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամ»-ը:

Թվային տարբերակը տե՛ս այստեղ:

Կիսվել