ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

2023 թ. մարտի 7-ին Մատենադարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հոգաբարձուների խորհրդի այս տարվա առաջին նիստը։ Տնօրեն Վ. Տեր-Ղևոնդյանը ներկայացրեց Մատենադարանի 2022 թ. գիտական և գիտակազմակերպական գործունեությունը։ Այնուհետև խորհուրդը քննարկեց և հաստատեց Մատենադարանի 2022 թ. եկամուտների և ծախսերի ֆինանսական կատարողականը, 2023 թ. բյուջեի նախահաշիվը, հաստիքացուցակի փոփոխություններն ու լրացումները։
Օրակարգում ընդգրկված էր նաև տնօրենի աշխատանքային պայմանագրի ժամկետի լրանալու հարցը։ Մատենադարանի Կանոնադրության համաձայն՝ տնօրենի ընտրությունից հետո Հոգաբարձուների խորհրդի նախագահը նորընտիր տնօրենի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով։ Վ. Տեր-Ղևոնդյանի աշխատանքային պայմանագիրը լրացավ 2023 թ. մարտի 7-ին։ Մատենադարանի Կանոնադրության համաձայն՝ տնօրենի թափուր պաշտոն առաջանալու դեպքում Խորհուրդը հայտարարում է մրցույթ և անցկացնում տնօրենի ընտրություն։ Մինչև մրցույթ հայտարարելը Հոգաբարձուների խորհուրդը գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Մաթևոսյանին միաձայն ընտրեց Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։


Հոգաբարձուների խորհուրդ

Կիսվել