Մարտի 31-ին Մատենադարանի գիտական մասնաշենքի նախասրահում տեղի ունեցավ Մատենադարանի գլխավոր ավանդապահ, Ձեռագրագիտության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Գևորգ Տեր-Վարդանյանի վերջին հրաժեշտը։ Վաստակաշատ գիտնականի հիշատակին նվիրված և նրա գործունեությունը գնահատող սրտառուչ խոսքով հանդես եկան Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մաթևոսյանը, մատենադարանցիների ավագ սերնդի ներկայացուցիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանը, Ձեռագրագիտության բաժնի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Խաչիկ Հարությանը։ Այնուհետև հոգեհանգստյան կարգ կատարեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Արարատ քահանա Պողոսյանը։
Նույն օրը տեղի ունեցավ Գևորգ Տեր-Վարդանյանի հուղարկավորությունը մայրաքաղաքի Շահումյանի գերեզմանատանը:
Գիտնականի մահվան կապակցությամբ Մատենադարանի տնօրինությունը ցավակցական նամակներ է ստացել Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության (AIEA) նախագահ Վալենտինա Կալցոլարիից, Վրաստանի Կորնելի Կեկելիձեի անվան ձեռագրերի ազգային կենտրոնի տնօրեն Զաալ Աբաշիձեից, ճանաչված հայագետներ Կլոդ Արմեն Մութաֆյանից, Շարլ Ռընուից, Գևորգ Բարդակչյանից, կրկնագիր ձեռագրերի ուսումնասիրության ոլորտի գերմանացի մասնագետ Յոսթ Գիպերտից և շատ ուրիշներից։