«ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՀԱՆՐԱՀՌՉԱԿՈՂ ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում Մաշտոցյան Մատենադարանի «Վիրտուալ Մատենադարան սրահում» ապրիլի 18-ին տեղի ունեցավ ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագրով 2022 թվականին հրատարակված 5 գրքի շնորհանդեսը:
Ծրագրի նպատակն է հայկական մշակույթի տարածումն ու հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս, պատմաիրավական խեղաթյուրումների և ապատեղեկատվության չեզոքացումը: Այս նպատակով ուսումնասիրվել և ցանկավորվել է արտերկրում գործող մոտ 500 գրադարան, որոնք համալրվելու են ծրագրի շրջանակումհրատարակված գրականությամբ:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և Մատենադրանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մաթևոսյանը։ Ներկա էին Մատենադարանի, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և Ազգարգրության ինստիտուտի, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի, Դիվանագիտության դպրոցի, Արտաքին գործերի նախարարության և Սանկտ-Պետերբուրգի ազգագրության թանգարանի ղեկավարները և աշխատակիցները։ Տպագրված աշխատությունների հեղինակներն են նշված գիտական և մշակութային հաստատությունների աշխատակիցները։
Գրքերը, համապատասխան պատկերների ցուցադրությամբ, ներկայացրեցին հեղինակները կամ հեղինակային խմբերի անդամները։
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագրով 2022 թվականին հրատարակված գրքերն են՝
«Ռուսական ազգագրության թանգարանի հայկական հավաքածուները» (ռուսերեն, անգլերեն),
«Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը» (անգլերեն),
«Արցախի վտանգված քրիստոնյա-հայկական ժառանգությունը» (անգլերեն),
«Արտակ արք. Մանուկյանի անվան Թեհրանի հայոց ազգային-ազգագրական թանգարանի հավաքածուն»(պարսկերեն),
«Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» պատկերագիրք-ուսումնասիրություն (ֆրանսերեն)։

Կիսվել