ՂՈՒԿԱՍ ՉՈՒԲԱՐՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

2023 թ. հունիսի 16-ին լրացավ հայ անվանի քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի անդամ Ղուկաս Չուբարյանի ծննդյան 100-ամյակը: Նրա հանրահայտ ստեղծագործությունը՝ Մեսրոպ Մաշտոցի և նրա աշակերտ Կորյունի արձանախումբը, դարձել է Մատենադարանի խորհրդանիշը։ Ղուկաս Չուբարյանին է պատկանում նաև Մատենադարանի շենքի ճակատը հարդարող քանդակներից Մխիթար Գոշի արձանը։
Քանդակագործի ծննդյան օրվա առիթով ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Մատենադարանի տեսասրահում տեղի ունեցավ հոբելյանական նամականիշի մարման արարողություն, որից հետո՝ Մատենադարանի գիտական մասնաշենքի դահլիճում կայացավ «Հովեր» երգչախմբի համերգը:
Նամականիշի մարման արարողությանը մասնակցեցին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, ով նախագահում է Ղուկաս Չուբարյանի 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, Մաշտոցյան Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մաթևոսյանը, Ղուկաս Չուբարյանի որդին՝ Գրիգոր Չուբարյանը, Հայաստանի Հանրապետության ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Տարվա ընթացքում նախատեսվում են մի շարք այլ միջոցառումներ, որոնք միտված են մեծանուն արվեստագետի հարուստ ժառանգության վերարժևորմանը և հանրայնացմանը:

Կիսվել