ԱՎԵՏԱՐԱՆ, 1684 Թ., ԿԱՖԱ

Գրիչ, ծաղկող՝ Նիկողոս երեց Մելանավոր

Ղրիմի դպրոցը հայ մանրանկարչության նշանավոր կենտրոններից է: Դեռևս Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո հայերի մի ստվար զանգված հաստատվում է Ղրիմում (հիմնականում՝ 14-րդ դարի վերջին)` իր հետ տանելով նաև ձեռագրեր: Ղրիմի հայ մանրանկարիչներն սկսում են ընդօրինակություններ անել նաև կիլիկյան մատյաններից: Իսկ 17-րդ դարի Ղրիմի հայկական գրչակենտրոններում ձեռագիր գրքի նկարազարդման արվեստն ապրում է զարթոնքի մի նոր շրջան: Այդ շարքին է պատկանում Ղրիմի մանրանկարչության դպրոցի նշանավոր ներկայացուցիչ Նիկողայոս Ծաղկարարի կամ Մելանավորի՝ կիլիկյան 14-րդ դարի նշանավոր «Ութ մանրանկարիչների» Ավետարանից ընդօրինակած և ծաղկած ձեռագիր մատյանը:

Այս ձեռագրում մանրանկարներն ուղեկցում են բնագրին, ինչպես կիլիկյան նախօրինակում է: Նիկողայոսը պատկերել է մոգերի երկրպագությունը, հրեշտակի հայտնությունը Հովսեփին և փախուստը Եգիպտոս: Նկարազարդ թերթի վերին գոտում Աստվածամայրը, գահավորակին բազմած, գիրկն է առել Մանուկ Հիսուսին:

Կիսվել