ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ Է

Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանի պատվիրակությունը՝ գլխավորությամբ տնօրեն Արա Խզմալյանի, հանդիպումներ է ունենում Լիբանանի հայ հոգևոր կենտրոնների, հայագիտական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների առաջնորդների, ղեկավարների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հագեցած օրակարգն այսօր նշանավորվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի հետ հանդիպմամբ: Վեհափառ Հայրապետը ողջունել է պատվիրակությանը և հայտնել իր պատրաստակամությունը համակողմանիորեն խորացնելու Մատենադարանի հետ կաթողիկոսության համագործակցությունը: Արա Խզմալյանը մասնավորապես ներկայացրել է աշխարհասփյուռ հայ գրավոր ժառանգության պահպանման և վերականգնման ոլորտում ու հայագիտության զարգացման բնագավառում Մատենադարանի առաջիկա ծրագրերը, որոնք արժանացել են Հայրապետի հավանությանը: Արամ Ա-ն ընդգծել է համահայկական միասնականության ձևավորման գործում Մատենադարանի բացառիկ առաքելությունը:

Հանդիմանը ներկա է եղել Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանը:

Կիսվել