Հաշվետվողականության և փոխադարձ իրազեկվածության բարձրացման նպատակով այսուհետ գիտական գործուղումների հաշվետվությունները ներկայացվելու են հրապարակային ձևաչափով՝ Գիտական խորհրդի և գիտաշխատողների մասնակցությամբ: Հրապարակային հաշվետվությունը նպատակ ունի նաև որոշարկելու Մատենադարանի միջազգային ներկայացվածության հիմնական ուղղություններն ու առաջնահերթ գիտական հարթակները:
Օգոստոսի 1-ին տեղի ունեցավ Մատենադարանի գիտական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում ներկայացվեցին սույն թվականի առաջին կիսամյակի գիտական շուրջ քսան գործուղման արդյունքները: Գրեթե բոլոր գործուղումները եղել են միջազգային՝ ԱՄՆ, Ֆրանիսա, Հունաստան, Իտալիա, Ռուսաստան, Ճապոնիա, Իրան, Նիդերլանդներ, Ավստրիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Գերմանիա, Բելգիա: Քննարկվեցին գործուղումների արդյունքները, այդ թվում՝ նոր համագործակցության առաջարկներն ու հնարավորությունները:
Գիտական խորհրդում ամփոփվեցին նաև հուլիսի 19-23-ը տեղի ունեցած Հայագիտական միջազգային կոնգրեսի արդյունքները: Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը ներկայացրեց կոնգրեսի ռազմավարական կարևորությունը հայագիտության, մասնավորապես՝ հայ միջնադարագիտության զարգացման տեսանկյունից, անդրադարձավ հայագիտական միջազգային կենտրոնների հետ համագործակցության հեռանկաներին: Ամփոփ ներկայացվեցին նաև կոնգրեսին մասնակից արտասահմանյան գործընկերների առաջարկություններն ու տեսակետները հայագիտության զարգացման վերաբերյալ, ինչպես նաև հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչների հանդիպման արդյունքները: