Ասորիների ձեռագրական ավանդույթը, ըստ էության, արամեական գրավոր մշակույթի շարունակությունն է։ Որպես գրչության կենտրոններ, ծառայել են վանքերը, ուստի զարմանալի չէ, որ ասորական մատենագրության մեջ զգալի տեղ են զբաղեցնում կրոնական բնույթի ստեղծագորոծությունները՝ աստվածաշնչյան մեկնությունները, վարքագրությունները, վախճանաբանական տեքստերը։ Դրանց կողքին կան նաև աստղաբանական, քերականական, բժշկական աշխատություններ, քարտեզներ, գուշակություններ, երազների մեկնություններ, հմայիլներ։
Մեզ հասած ասորական ձեռագրերը մեծամասամբ ԺԶ-ԺԹ․ դարերից են և պահվում են աշխարհի տարբեր ձեռագրատներում, մասնավոր հավաքածուներում։ Դրանցից հնագույնը թվագրվում է Ե․ դարով։
Մատենադարանի ասորերեն ձեռագրերի հավաքածուն ներառում է 13 գրքաձև և 2 ժապավենաձև ձեռագիր, նաև՝ 20 պատառիկ։ Այս ցանկին պետք է ավելացնել տարբեր գրքերի կազմերից դուրս բերված պատառիկ միավորները։
Հատկապես արժեքավոր են Մատենադարանում պահվող ասորական հմայիլները, որոնցից երկուսը թվագրվում են ԺԸ․ դարի կեսերով և աշխարհում պահպանված հնագույններից են։ Հետաքրքրական է նաև հավաքածուի համար 7 պատառիկը։ Այն մասն է ԺԹ․ դարում Եգիպտոսի Նիտրյան անապատի Դեյր-աս-Սուրյան կոչվող վանքից Լոնդոն տարված և ներկայումս Բրիտանական թանգարանում պահվող համար 14,654 ձեռագրի։ Մատենադարանի այս պատառիկում տեղ է գտել «Չարչարանք Ալեքսանդրի» Passio Alexandri հատվածը, որն այս տեքստի՝ ասորերենով պահպանված միակ աղբյուրն է։
Ասորական հնագույն ձեռագրերի նմուշները կարող եք տեսնել Մատենադարանի Այլալեզու ձեռագրերի ցուցասրահում։