ՀՆԱՏԻՊ ԳՐՔԵՐԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Ձեռագրական շքեղ ու հարուստ հավաքածուից բացի, Մատենադարանը նաև արժեքավոր տպագիր գրականության պահոց է, որտեղ պահվում են հայագիտական հնատիպ և եզակի գրքերի ավելի քան 125,000-ի հասնող հավաքածու, քարտեզների, ատլասների, ալբոմների ու նոտաների հազվագյուտ նմուշներ։

Մատենադարանի հայերեն հնատիպ գրքերի հավաքածուն բացառիկ է, այն ներառում է մոտ 2450 միավոր, իսկ 95 անուն գիրք, ընդհանրապես, եզակի օրինակներ են, ինչպես ասենք, հայ տպագրության ռահվիրա Հակոբ Մեղապարտի Վենետիկում տպագրված 5 գրքերից 4-ի օրինակները, 1512թ․ տպագրված գրքի՝ «Ուրբաթագրքի», «Տաղարանի» և «Պարզատումարի» մեկական օրինակը, ինչպես նաև՝ 1513թ․ տպագրված «Աղթարքը»։

Բազմալեզու հավաքածուն իր մեջ ընդգրկում է 45 լեզուներով հայագիտական, միջնադարագիտական և հնատիպ գրքերի բացառիկ նմուշներ։ Կան նաև մեռած կամ գրեթե չգործածվող լեզուներով գրքեր, այդ թվում՝ հիթիթերեն բնագրերի ուսումնասիրություն, ասորերեն, հաբեշերեն և այլն։

Հայագիտական հավաքածուն իր մեջ ներառում է 1801թ-ից մինչև մեր օրերը տպագրված գրքերը։

Առայսօր էլ գրապահոցը համալրվում է նվիրատվությամբ ու Մատենադարանի կողմից հնատիպ գրքերի ձեռքբերումով։

Կիսվել