«ՎԵՐԱՐԺԵՎՈՐԵԼՈՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ․ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Անցած տարեվերջին Մաշտոցյան Մատենադարանում բացվեց «Մատենադարան․ լուսանկարչական գանձարանի հայտնությունը» խորագրով ցուցադրություն։

Շուրջ տասը ամիսների ընթացքում այցելուներն ունեցան եզակի հնարավորություն տեսնելու Մատենադարանի տարբեր հավաքածուներից հայտնաբերված այնպիսի լուսանկարներ, որոնք ունեն պատմական, գեղարվեստական, աղբյուրագիտական, արվեստաբանական և ազգագրական բացառիկ կարևորություն: Հին լուսանկարների հանրայնացումն աննախադեպ իրադարձություն էր Մատենադարանի գիտացուցադրական գործունեության մեջ:

«Մատենադարան․ լուսանկարչական գանձարանի հայտնությունը» ցուցադրությունը նկատելիորեն նպաստել է հանրության շրջանում լուսանկարի վերաբերյալ հետաքրքրության աճին, ինչի վկայությունն են այցելուների թվի կտրուկ աճը և Մատենադարանի արխիվային հավաքածուների՝ վերջին մեկ տարվա համալրումները հարյուրավոր մեծարժեք լուսանկարներով:

Կարևորելով Մատենադարանում պահվող լուսանկարների վերաբերյալ գիտելիքի հանրայնացումը՝ հրավիրում ենք մասնակցելու սույն թվականի օգոստոսի 30-ին` ժամը 14.00 -ին, Մատենադարանի տեսասրահում տեղի ունենալիք «Վերարժևորելով լուսանկարչությունը․ Մատենադարանի լուսանկարչական գանձարանը» խորագրով հանրային դասախոսությանը, որը կներկայացնի Թանգարանի ղեկավար Իվեթ Թաջարյանը:

Այցելուներին կտրվի «Մատենադարան․ լուսանկարչական գանձարանի հայտնությունը» ցուցադրությունը տեսնելու բացառիկ հնարավորություն։

Տեղեկացնում ենք, որ ցուցադրությունը գործելու է մինչև սույն թվականի օգոստոսի 30-ը:

Կիսվել