
2025 թվականի մայիսի 6-ին Երևանի կոնյակի գործարանի կողմից Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին հանձնվեցին գործարանի տակառագործների պատրաստված կաղնեփայտե հատուկ սալիկներ, որոնք անհրաժեշտ են հին ձեռագրերի նոր կազմերի պատրաստելու համար։ Այս համատեղ նախաձեռնության համաձայն՝ Երևանի կոնյակի գործարանը հանձնառություն է ստանձնում հետայսու աջակցել հին ձեռագրերի վերականգնմանը նման ձևաչափով։
Կաղնեփայտե սալիկները պատրաստված են ARARAT-ի տակառափայտերից, որոնք Մատենադարանի վերականգնող մասնագետների տրամադրած ուղեցույցի հիման վրա անցել են հատուկ մշակում։
Մատենադարանի տնօրենի ուղեկցությամբ Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանին և հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանին ներկայացվեցին Մատենադարանի վերականգնման ենթակառուցվածքները և գիտատեխնիկական ստորաբաժանումները։ Արա Խզմալյանը, ողջունելով գործընկերներին, մասնավորաբար նշեց․ «Գրավոր ժառանգության պահպանման խնդիրը համահայկական պատասխանատվության առարկա է։ Մատենադարանի ջանքերով վերականգնվում են նաև Հայաստանի բոլոր մշակութային հաստատությունների գրավոր արժեքները, աշխարհասփյուռ ձեռագրական հավաքածուները։ Ավելին՝ Մատենադարանը տարեցտարի ամրապնդում է միջազգային գրավոր ժառանգության վերականգնման իր հանձնառությունը։ Ուստի, պետական աջակցությանը զուգահեռ, մեծապես կարևորում ենք մասնավոր անհատների և կազմակերպությունների մասնակցությունը այս առաքելությանը»։
«Մեզ համար պատիվ է համագործակցել հին ձեռագրերի պահոց Մատենադարանի հետ, որը հիրավի կարելի է համարել յուրաքանչյուր հայի ծննդյան հավաքական վկայականը։ Շատ ուրախ ենք, որ մեր գործընկերների հետ ակտիվ շփումները մշտապես բացահայտում են համագործակցության նոր ուղիներ։ Համագործակցության այս դրվագն ունի այլաբանական գեղեցիկ իմաստավորում։ ARARAT-ն իր էությամբ նախևառաջ ժառանգության մասին է, ուստի շատ խորհրդանշական է, որ ARARAT-ի մի մասնիկը ծառայելու է մեր բացառիկ ժառանգության պահպանության գործին»,- նշում է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։
