
Ամերիաբանկի աջակցությամբ Մատենադարանը ձեռք է բերել 17-18-րդ դարերի Մաշտոց: Այն մեծարժեք գիտական նշանակություն ունի՝ ծիսական կանոնների բազմազանության ու դարերի ընթացքում դրանց գործածականության ու տարածվածության տեսանկյունից։
Ձեռագիրն ամփոփված է տախտակե միջուկով կաշեպատ կազմում, որն ունի ծաղկանախշ դրոշմազարդ կտորից կազմաստառ: Լուսանցակողերը կարմիր են, մասամբ՝ սևացած և գունաթափ։ Ձեռագրի նյութը թուղթ է, բաղկացած է 288 թերթից, գրված է կանոնավոր գեղեցիկ բոլորգրով՝ միասյուն գրությամբ (18-19 տող)։ Սովորաբար Ձեռաց մաշտոցները շքեղ նակարազարդումներ չեն ունենում, քանի որ նախատեսված են եղել ամենօրյա բազմակի գործածության համար։



