ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» 14-ՐԴ ԱՄԵՆԱՄՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐԸ

Սեմինարին մասնակցում են 18 երկրի առաջատար վերականգնողներ, ինչպես նաև հայ հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչներ։ Միջոցառմանը լայնորեն ներգրավված են Հայաստանի մշակութային և գիտական հաստատությունները։

Միջազգային սեմինարն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության և «ԱրարատԲանկի» աջակցությամբ։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր ողջույնի խոսքում անդրադարձել է Մատենադարանի՝ գրավոր ժառանգության պահպանման գործընթացում ակտիվորեն ներգրավվածությանը՝ հատկապես այնպիսի տարածքներում, որոնցում կոնֆլիկտային իրավիճակները լրացուցիչ ռիսկեր ու մարտահրավերներ են առաջացնում մշակութային ժառանգության պահպանության հարցում։

Միջոցառման բացման արարողության ժամանակ տնօրեն Արա Խզմալյանը «Բարերար Մատենադարանի» ոսկե մեդալ է շնորհել «ԱրարատԲանկի» տնօրեն Մհեր Անանյանին, իսկ բանկի անվանումը զետեղվել է Մատենադարանի Պատվո կամարում։

Հիշեցնենք, որ «ԱրարատԲանկի» աջակցությամբ 2024 թ. ստեղծվել է ձեռագրերի կենսաքիմիական հետազոտությունների լաբորատորիան, իսկ 2025 թ. արդիականացվել են տեսահսկման և անվտանգային համակարգերը։ Բանկը երկու տարի շարունակ աջակցում է «Հիշողության կերպարանքները» միջազգային սեմինարի իրականացմանը։

«Հիշողության կերպարանքները» միջազգային սեմինարը կընթանա մինչև հոկտեմբեր 17-ը։

Տե՛ս ծրագիրը:

Կիսվել