
Բնագիրը հրատարակության են պատրաստել, ծանոթագրել և առաջաբանը հեղինակել Մատենադարանի թարգմանական մատենագրության բաժնի վարիչ՝ բ․գ․դ Գոհար
Մուրադյանը և Միջնադարյան գրականության և բանասիրության բաժնի վարիչ՝ բ․գ․դ Արամ Թոփչյանը։
Կեղծ-Կալլիսթենեսի հունարեն «Մեծն Ալեքսանդր Մակեդոնացու պատմություն»-ը (կամ «Ալեքսանդրի վեպ»-ը), գրված Եգիպտոսում հավանաբար մ․թ․ III դարի կեսին կամ վերջին, հայերեն է թարգմանվել ըստ երևույթին V դարի երկրորդ կեսին, մեզ չհասած հունարեն մի սկզբնագրից, որից սերում են վաղագույն (α և β) խմբագրությունները։ Մասամբ հիմնված պատմական դեպքերի վրա՝ միջնադարյան Հայաստանում այն առավել հայտնի է եղել իբրև
գեղարվեստական երկ։ Բնագիրը փոփոխվել է՝ ծնունդ տալով տարբեր խմբագրությունների։ Հայերեն հինգ խմբագրությունից ամենակարևոր երկուսի բաղդատությունն իրար և հին հունարեն խմբագրությունների հետ թույլ է տվել սույն գիրքը հրատարակության պատրաստողներին կազմել մի նոր բնագիր, որը, թվում է, երկի նախորդ (1989 թ․) հրատարակության համեմատ, ավելի մոտ պիտի լինի թարգմանության նախնական տարբերակին։
Գիրքը լույս է տեսել «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության աջակցությամբ։
Տե՛ս գրքի առաջաբանի թվային տարբերակը:



