
Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանի հարգելի աշխատակիցներ, սիրելի գործընկերներ, ամփոփում ենք 2025 թվականը, որ հաստատապես եղավ մեր համատեղ ջանքերով նվաճած արդյուքների, բարեփոխումների շարունակականության ու ենթակառուցվածքների արդիականացման, արտաքին հարաբերությունների հագեցած օրակարգի ու միջազգային վերադիրքավորման տարի:
Բավական է նշել, որ կրկնապատկվել է միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում հրապարակումների թիվը, ունեցել ենք յոթ տասնյակ մասնակցություն արտասահմանյան միջազգային գիտաժողովներին, և, մյուս կողմից, մեր նախաձեռնած գիտական միջոցառումներին մասնակցություն են ունեցել հարյուրից ավելի գիտնականներ աշխարհի առաջատար համալսարաններից ու կենտրոններից:
Շնորհիվ մեր երիտասարդ ու տաղանդավոր մասնագետների՝ 2025-ին հիմնվեց Հայկական վերականգնողական թղթի արտադրամասը, հաստատվեց «Արաբատառ ձեռագրերի հետազոտման և վերականգնման լաբորատորիայի» հայտը, է՛լ ավելի ամրապնդվեց մեր հանձնառությունը Հայաստանից դուրս հայերեն ձեռագրական ժառանգության պահպանման ու հանրայնացման ուղղությամբ, բարերաների ու նվիրատուների աջակցությամբ Մատենադարանի ձեռագրական հավաքածուն համալրվեց ևս 40 միավորով, ցուցասրահներում ներդրվեց տեսողության խնդիրներով մարդկանց համար նախատեսված համակարգ, լույս տեսավ երկու տասնյակ գիտական ու գիտահանրամատչելի հրատարակություն, որոնց շարքում շրջադարձային եղավ «Հայ միջնադարյան թարգմանական գրականություն» մատենաշարի հիմնումը, ստեղծվեց հայերեն ձեռագրացուցակների էլեկտրոնային շտեմարանը:
«Արարատ» բանկի շնորհիվ, որ 2025-ին արժանացավ «Բարերար Մատենադարանի» ոսկե մեդալի, մուտք ենք գործում 2026 թվական ամբողջապես արդիականացված անվտանգային համակարգով: Մատենադարանի բարերար Բադալյան ընտանիքի աջակցությամբ մեկնարկել են թանգարանի հուշանվերների կրպակների և սրճարանի ստեղծման աշխատանքները: Իրականացված ծրագրերի ողջ ծավալը ներկայացնելու առիթներ կունենանք առաջիկայում:
Անցնող տարվա թերևս ամենից հուզական իրադարձություններից էր «Մատյանների տունդարձը» արշավի շրջանակում Սարգիս Շնորհալու բացառիկ ու մեծարժեք մատյանի ձեռքբերումը՝ ՀՀ Կառավարության աջակցությամբ: Սա մեր ինքնության աշխարհասփյուռ բեկորների բացահայտման ու կենտրոնացման աննախընթաց դրսևորում էր:
Վստահ եմ, որ այս ամենն իրականացրել ենք այն բարձր գիտակցությամբ, որ մեր աշխատանքի արդյունքները պատկանում են համայն հայությանը, ուստի և հաշվետու ենք համայն հայությանը: Խորապես երախտապարտ եմ այս հույժ կարևոր առաքելության համատեղ իրագործման համար: Խոնարհումս բոլոր մեր աջակից կազմակերպություններին, բարերարներին ու նվիրատուներին՝ մեր հավատով հավատալու, մեր ներշնչումներով ներշնչվելու և մեր լավատեսությամբ ոգևորվելու կարողության ու կամքի համար:
Առանձին երախտագիտությունս ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ վերոհիշյալ բոլոր նախաձեռնություններին մեծապես օժանդակելու և պետական կշիռ հաղորդելու համար:
Ի սրտե մաղթում եմ, որ 2026 թ. լինի մեր հոգևոր ու մտավոր տաճարի՝ Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանի անկասելի վերելքի ու առաքելության իրագործման, մեր պետության ամրապնդման ու անսասան խաղաղության տարի:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ…
Արա Խզմալյան
Մատենադարանի տնօրեն
