
«Կորցված, գտնված, թաքցված» ֆիլմի ցուցադրությանը նախորդել է մամուլի ասուլիս՝ նվիրված հայ-լեհական արտադրության վավերագրական ֆիլմին։ Ասուլիսի ընթացքում ցուցադրվել է նաև «Սկևռայի Ավետարան»-ի բացառիկ կրկնօրինակը։
Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ֆիլմի ռեժիսոր Վահրամ Մխիթարյանը, պրոդյուսեր Ալեքսանդրա Մայջինսկան և Կրակովի համալսարանի պրոֆեսոր Քշիշտոֆ Ստոպկան։
Ֆիլմը պատմում է 12-րդ դարի հայկական ձեռագրական արվեստի գլուխգործոցներից մեկի՝ «Սկևռայի Ավետարան»-ի զարմանալի և դրամատիկ ճանապարհի մասին՝ Կիլիկիայից մինչև Լեհաստան, նրա անհետացումը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին և տասնամյակներ անց կրկին հայտնաբերման պատմությունը։
Ֆիլմը ստեղծվել է հայ-լեհական մշակութային համագործակցության շրջանակում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի կինոյի հիմնադրամի համաֆինանսավորմամբ։


