ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՎԵՆԵՏԻԿԻ ԿԱ ՖՈՍԿԱՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ՄԻՋԵՐԿՐԱԾՈՎՅԱՆ ԱՖՐԻԿԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎՆԵՐԻ

Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը, Միջնադարյան արվեստի ուսումնասիրման բաժնի ղեկավար Նազենի Ղարիբյանը, նույն բաժնի ավագ գիտաշխատող Լուսինե Սարգսյանը և Արխիվագիտության բաժնի կրտսեր գիտաշխատող Անի Պետոյանը մայիսի 14-ին եւ 15-ին մասնակցել են Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի Ասիայի և Միջերկրածովյան Աֆրիկայի ուսումնասիրությունների ֆակուլտետի կազմակերպած միջազգային երկու աշխատաժողովի՝ նվիրված հայագիտության և կովկասագիտության հարցերին և հայկական ու արևելաքրիստոնեական արվեստի ուսումնասիրությանը (նախաձեռնության հեղինակ՝ Ասիայի և Միջերկրածովյան Աֆրիկայի ուսումնասիրությունների ֆակուլտետի հայագիտության և կովկասագիտության պրոֆեսոր Ալդո Ֆեռարի)։

Վահե Թորոսյանն ու Անի Պետոյանը ներկայացրել են «Բյուզանդական կայսրության և խաչակրաց պետությունների միջև․ Կիլիկիայի հայոց արքաների թագադրության ծեսը», իսկ Նազենի Ղարիբյանն ու Լուսինե Սարգսյանը՝ «Հայոց թագուհիների հանգստարանը․ նախնական դիտարկումներ» ու «Սրբազան պատկերների ու առօրյա կյանքի միջև․ կանանց պատկերները հայկական մանրանկարչական արվեստում» խորագրով զեկուցումները։ Նազենի Ղարիբյանի և Լուսինե Սարգսյանի զեկուցումները ներկայացվել են ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Հայ կանայք ըստ միջնադարյան աղբյուրների եւ պատկերների» դրամաշնորհային ծրագրով (25RG‐6E029) իրականացվող հետազոտության շրջանակում։

Կիսվել