ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՍՐԲԱՑՎԱԾ ԲԵԿՈՐՆԵՐԻ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ․ ԱՐՏԱՇԱՏԻ ՈՒԹԱՆԻՍՏ ԵԿԵՂԵՑԻՆ. ՉՈՐՐՈՐԴ ԴԱՐԻ ՄԵԾԱԴԻՐ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՈՒՄԸ

Ողջույնի խոսքով հանդես են եկել Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը։

Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին, ինչպես նաև գիտության և մշակույթի գործիչներ։

Նորագյուտ կառույցը հայտնաբերվել է հայ-գերմանական «Արտաքսատա» համատեղ ծրագրի շրջանակում իրականացված հետազոտությունների ընթացքում։ Ծրագիրն իրականացվում է ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Մյունստերի համալսարանի Անտիկ և քրիստոնեական շրջանի հնագիտության ինստիտուտի համագործակցությամբ։

Ցուցադրության շրջանակում Մյունստերի համալսարանի հնագիտության թանգարանի տնօրեն, համալսարանի պրոֆեսոր Ախիմ Լիխտենբերգերը ներկայացրել է Արտաշատի պեղումների ընթացքում հայտնաբերված բացառիկ նյութերը, կառույցի ճարտարապետական առանձնահատկությունները, գիտական վերականգնման ընթացքը, ինչպես նաև նորագույն հետազոտական մեթոդների կիրառման արդյունքները։

Պեղումների ընթացքում հայտնաբերված նյութերի և ածխածնային թվագրման արդյունքների հիման վրա եկեղեցու հիմնման ժամանակաշրջանը վերագրվում է IV դարի առաջին քառորդին։ Հետազոտողները ենթադրում են, որ այդ ժամանակաշրջանը համընկնում է Տրդատ Մեծի և Գրիգոր Լուսավորչի ժամանակաշրջանի եկեղեցաշինության հետ։

Ցուցադրության բացմանը հաջորդել է աշխատարան-քննարկումը։

Կիսվել