
Ռոբերտ Էլիբեկյանը XX դարի 2-րդ կեսի հայ «ազգային մոդեռնիզմի» նշանավոր վարպետներից է։ Ծնվել է 1941 թ․ Թիֆլիսում, անվանի թատերական գործիչ և նկարիչ Վաղարշակ Էլիբեկյանի ընտանիքում։ 1960 թվականից հաստատվել է Երևանում, 1965 թ․ ավարտել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը և սկսել ակտիվորեն ցուցադրվել Հայաստանում, ԽՍՀՄ հանրապետություններում և արտերկրում։
1970 թ․ ի վեր նկարիչն ունեցել է շուրջ երկու տասնյակ անհատական ցուցահանդեսներ։ Նրա արվեստը մշտապես եղել է արվեստաբանների և հավաքորդների ուշադրության կենտրոնում, վայելել ճանաչում միջազգային ասպարեզում։ Վարպետի գործերից պահվում են Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ, եվրոպական երկրների պատկառելի թանգարաններում և պաշտոնական նստավայրերի հավաքածուներում։
Էլիբեկյանը ասպարեզ եկավ 1960–1970-ական թթ․ ազգային զարթոնքի տարիներին, երբ Մատենադարանը դարձել էր նկարիչներից շատերի «ուխտավայրը»։ Խորհրդային աթեիզմի պայմաններում հայ հոգևոր արվեստը նրանց համար ոգեշնչման այլընտրանքային աղբյուր էր, ազգային ինքնության, գեղարվեստական մտածողության և հավատքի վերաբացահայտման խթան։
Հոգևոր թեման Էլիբեկյանի արվեստում առանցքայինն է։ Նա կերտում է խորհրդանշական-միստիկական տարածություններ․ թատերաբեմը հաճախ կառուցվում է եկեղեցու խորանի կամ կամարի տեսքով, ետնաբեմը՝ հայելային բազմակի անդրադարձումների, իսկ պերսոնաժները հաճախ նման են հրեշտակների․․․ Կառնավալային փոխակերպումների այս տիրույթում թատերաբեմն ու եկեղեցական բեմը նույնանում են որպես միստերիայի՝ սրբազան ծիսակատարության դաշտ։ Իսկ կտավի ներսից ճառագող ներքին լույսի աղբյուրը ֆիզիկական չէ, այլ ոգեղեն․․․
Սույն ցուցահանդեսը առաջին փորձն է արդի արվեստի ստեղծագործությունները երկխոսության մեջ դնել Մատենադարանի հնագույն ձեռագրերի նկարազարդումների հետ։ Այդ համադրությունը բացահայտում է հայկական հոգևոր-գեղարվեստական մշակույթի ժառանգորդական կապերը՝ հաստատելով միջնադարի և արդիականության, ձեռագրի և կտավի, հավատքի և ժամանակակից գեղարվեստական մտածողության կենդանի կապը։
Ցուցահանդեսը ներառում է ընտանեկան հավաքածուից նկարչի 1972-2017 թթ․ գեղանկարի, գրաֆիկայի, դեկորատիվ արվեստի ընտրանի։
Համադրողներ՝ արվեստաբան Լիլիթ Սարգսյան, Մատենադարանի թանգարանի ղեկավար, արվեստաբան Իվեթ Թաջարյան:
