Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ ուղղված վերականգնողների մասնագիտական պատրաստմանը և ոլորտի նոր սերնդի մասնագետների ձևավորմանը։
Հուշագիրը ստորագրել են Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և Քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը։
Ստորագրման արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի նորանշանակ տեղակալ Աննա Բաբաջանյանը։
Համագործակցությունը նախատեսում է ուսանողների ուսումնական և արտադրական պրակտիկա Մատենադարանում, փորձառու վերականգնողների մենթորություն, մասնագիտական դասընթացներ և վարպետության դասեր, ինչպես նաև կրթական ծրագրերի և մասնագիտական ենթակառուցվածքների զարգացում։
Նախաձեռնության նպատակն է նպաստել Հայաստանում վերականգնման մասնագիտական դպրոցի շարունակականությանը և մշակութային ժառանգության պահպանության ոլորտի մասնագիտական ներուժի համալրմանը։
Մատենադարանի Վերականգնման բաժնում վերապատրաստում անցած քոլեջի երեք ուսանողների հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր։ Արդյունքում Մատենադարանում այսօր աշխատում է ընդհանուր առմամբ քոլեջի 4 սան: