ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ ՀԱՆՁՆՎԵՑ ՄԻՐՄԱՆ ԱԶԳԱՏՈՀՄԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

2017 թ. ապրիլի 29-ին Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ Մանուելա Սալվինի դը Գիրակ Միրմանի պարգևատրման արարողությունը և Միրմանյան նշանավոր գերդաստանի պատմությանը վերաբերող արժեքավոր հավաքածուի ցուցադրությունը:
Արարողության ընթացքում ելույթ ունեցան Մատենադարանի միջազգային կապերի բաժնի վարիչ Վարդի Քեշիշյանը, ավագ գիտաշխատող Նազենի Ղարիբյանը, Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը։
Վարդի Քեշիշյանը ներկայացրեց Գիրակ Միրման ընտանիքի պատմությունը և իր երախտիքի խոսքն ասաց Մանուելա Սալվինի դը Գիրակ Միրմանին։
Իտալիայի Լիվոռնո քաղաքից հատուկ այս առիթով ժամանած Մանուելա Սալվինի դը Գիրակ Միրմանը՝ Նոր Ջուղայից սերող Միրմանյան ազգատոհմի շառավիղը, սիրահոժար Մատենադարանին է նվիրաբերել Գիրակ Միրման գերդաստանի 1724 թ. մագաղաթյա ձեռագիր մատյանը՝ ընտանիքի տոհմածառով հանդերձ, որըսկիզբ է առնում1364 թվականից՝ Հին Ջուղայից սերող Ալավերդի Միրման անունով նախապապից, և ավարտվում 1783 թվականով՝ Գրեգորիո անունով ընտանիքի անդամով:Հավաքածուի մաս են կազմում ձեռագրի փղոսկրով դրվագազարդված կրկնակազմը և պատմական մի շարք փաստաթղթեր՝  այդ թվում ընտանիքի զինանշանի վերապատկերումը (1751 թ.),պարսից շահ Սուլեյման I-ի1675 թ. հրովարտակը, 1769 թ. Գրեգորիո դը Արութո Միրմանին (ծն. Նոր Ջուղայում 1699 թ.) Պիզայի արքեպիսկոպոսի տված ազնվականության կոչման հավաստագիրը, ընտանիքի անդամների լուսանկարները և այլն։

Նոր Ջուղայի հիմնադրման ժամանակներից սկսած Միրմանյանները եղել են մեծատուն վաճառականներ և տոհմիկ ազնվականներ:Գերդաստանի իտալական ճյուղի հիմնադիրը 1612 թ. Նոր Ջուղայում ծնված Գիրակի որդի Գրեգորիո Միրմանն է,որն զբաղվում էր թանկարժեք քարերի և մետաքսի առևտրով: Հաջորդող դարերին ևս Գիրակ Միրման գերդաստանի շառավիղները առևտրական ընդարձակ գործունեություն են ծավալելԻտալիայի քաղաքներում և եվրոպական մի շարք կենտրոններում:
Գիրակ Միրման ընտանիքը հայտնի է նաև մեծբարեգործություններով։ 1688 թ. Միրման Գիրակի հոգացողությամբ ամբողջովին վերակառուցվել և ընդարձակվել է Վենետիկի Ս. Խաչ եկեղեցին, որտեղ ամփոփված են Միրման ընտանիքի որոշ անդամների աճյունները:
Միրմանյան գերդաստանի վերջին շառավղի՝ Մանուելա Սալվինի դը Գիրակ Միրմանի ցանկությամբ սույն հավաքածուն հանձնվել է Մեսրոպ Մաշտոցի անվ. հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանին՝ըստ արժանվույն ցուցադրության և մասնագետների հետագա ուսումնասիրման համար:Միջոցառման ընթացքում Նազենի Ղարիբյանը համառոտակի ներկայացրեց Իտալիայում և մասնավորապես Լիվոռնոյում հայ համայնքի պատմությունը։
Վահան Տեր-Ղևոնդյանը խոսեց Գիրակ Միրման գերդաստանի նվիրատվության պատմական ու մշակութային արժեքի մասին։Ընտանեկան այդ մասունքների հանձնումը Մատենադարանին դրանք դարձնում են «ոչ միայն Հայաստանի, այլև ողջ աշխարհի սեփականությունը… Դրանց հետազոտությունը կարևոր նյութ կտրամադրի հայոց պատմության, մասնավորապես ուշ միջնադարի հայկական գաղթավայրերի պատմության ուսումնասիրման համար», նշեց Վ. Տեր-Ղևոնդյանը։

Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը, իբրև երախտիքի նշան, Մանուելա Սալվինի դը Գիրակ Միրմանին հանձնեց Մատենադարան հուշամեդալ և հուշամեդալի վկայականը։
Միջոցառման ավարտին Մանուելա Սալվինի դը Գիրակ Միրմանը խոստովանեց, որ հեշտ չի եղել գերդաստանի հարյուրավոր տարիների պատմության մասունքները Մատենադարանին նվիրաբերելու որոշումը։«Սակայն այն միտքը, որ կարող եմ թողնել այս ձեռագիրն այստեղ՝ Հայաստանում, ինձ հանգստություն է պատճառում, քանի որ վստահ եմ, որ հենց այս վայրում այն ամենաբարձր կերպով գնահատված կլինի», ասաց նա։
Բանախոսները շնորհակալություն հայտնեցին հավաքածուն Մատենադարան փոխադրելու և նմուշների ցուցադրության գործում իրենց դերն ունեցած անձանց ու կազմակերպություններին՝ Հայաստանի Արտաքին գործերի նախարարությանն ու նախարարին, Իտալիայում ՀՀ դեսպանին, Նազենի Ղարիբյանին, Էլիզաբեթ Թաջիրյանին, Մատենադարանի միջազգային կապերի բաժնին, արխիվային բաժնին, թվայնացման բաժնին, վերականգնման բաժնի աշխատակիցներ Արթուր Պետրոսյանին և Արամ Մարիկյանին։
Արարողության ավարտից հետո ներկաները հրավիրվեցի նցուցասրահ՝ նվիրաբերված նմուշները դիտելու համար։

Կիսվել