ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ  ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ Է ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼ «ԱՐՏԱԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ» ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱՆ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության  Գիտության կոմիտեն 2021 թ. որոշման համաձայն «Արվեստագիտություն» անվանակարգում ֆինանսավորման է երաշխավորել «Արտակ Մանուկյան թանգարանի հավաքածուների համալիր ուսումնասիրությունը» գիտական թեման:

Մաշտոցյան Մատենադարանի Հանրային կապերի բաժնի աշխատակից Գրետա Գասպարյանը թեմայի նպատակների, արդիականության, կատարման ընթացքի և ակնկալվող արդյունքների մասին զրուցել է գիտական խմբի հետ:

Իվեթ Թաջարյան, Դավիթ Ղազարյան, Գրետա Գասպարյան, Մարիամ Վարդանյան

Ներկայացրեք խմբի անդամներին:

Խմբի ղեկավարն է Մատենադարանի ավագ գիտաշխատող, Ձեռագրատան ֆոնդապահ, ԵՊՀ Հայ արվեստի  պատմության և տեսության ամբիոնի դասախոս, արվեստագիտության թեկնածու Դավիթ Ղազարյանը, իսկ անդամները Մատենադարանի Արևելագիտության բաժնի ավագ գիտաշխատող, ԵՊՀ Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դասախոս, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Իվեթ Թաջարյանը, ԵՊՀ Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դասախոս Մարիամ Վարդանյանը և  Մատենադարանի ասպիրանտ և աշխատակից (ԵՊՀ Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի շրջանավարտ) Գրետա Գասպարյանը:

Գիտական խումբը ձևավորվել է հստակ ընտրված նպատակով՝ ներառելով այնպիսի մասնագետների, որոնց մասնագիտական հմտությունները թույլ կտային փոքրաքանակ խմբի ուժերով կատարել բազմակողմանի աշխատանք, այն է՝ Թեհրանի հայկական «Արտակ Մանուկյան» թանգարանի դեռևս չուսումնասիրված հավաքածուի բոլոր տեսակի նմուշների հաշվառումը և ուսումնասիրությունը։ Այս դեպքում կարևոր է հատկապես այն հանգամանքը, որ թեմայի կատարողներից երեքն արդեն ունեն նման աշխատանքի հարուստ փորձ, ինչը անհրաժեշտ նախապայման է ծրագիրը հաջողությամբ իրագործելու համար։ 

Ո՞րն է դրամաշնորհային ծրագրի գիտական նորույթը և արդիականությունը։

«Արտակ Մանուկյան թանգարանի հավաքածուների համալիր ուսումնասիրությունը» դրամաշնորհային ծրագիրն ամբողջությամբ նորույթ է։ Առ այսօր չկա որևէ համակարգված և հետևողական ուսումնասիրություն, որտեղ գրանցված կլիներ մեզ հասած և «Արտակ Մանուկյան» թանգարանում պահվող արվեստի գործերի թիվը: Չնայած, վերջերս հրատարակվեց թանգարանի հավաքածուին վերաբերող մի կատալոգ, սակայն այնտեղ ներառված են միայն ընտրված նմուշներ, իսկ հավաքածուի մի ստվար հատված մնում է դեռևս չուսումնասիրված և չհաշվառված։

«Արտակ Մանուկյան» թանգարանը Թեհրանի հայկական կարևորագույն մշակութային կենտրոններից է, որը ներկայացնում է հայերի պատմությունը և մշակույթը: Այստեղ պահվում են մի քանի հավաքածուներ (ձեռագիր մատյաններ, հնատիպ գրքեր, գեղանկարներ, լուսանկարներ, քանդակներ, հագուստի, տեքստիլի նմուշներ, եկեղեցական արծաթե սպասքի և դեկորատիվ-կիրառական արվեստի այլ ստեղծագործություններ), որոնք Իրանում հայերի բազմադարյա ներկայության գրավականներն են:

Խնդրո առարկա ստեղծագործությունների արձանագրումը, ցուցակագրումը, դրվագային լուսանկարումը և քննությունը հրատապ է, քանի որ Իրանում քաղաքական, տնտեսական անկայուն վիճակի պատճառով առկա են բոլոր պայմանները հայկական համայնքի նոսրացման համար, որի հետևանքով մասամբ վտանգվում է մշակութային ժառանգությունը: Ուստի հավաքածուի հաշվառումը, թվայնացումը և ուսումնասիրությունը, խիստ կարևոր և հրատապ է, եթե նկատի առնենք Արցախում, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող ողբերգական քաղաքական իրադարձությունները կամ օրինակ՝ Իրաքի և Սիրիայի դեպքում պատերազմի հետևանքով համաշխարհային կարևորություն ունեցող հուշարձանների ոչնչացումը և թանգարանների թալանը: Հետևաբար, հատկապես նման իրականության խորքի վրա դիտարկելիս ծրագիրը խիստ արդիական է։

Գրետա Գասպարյան, Իվեթ Թաջարյան
Մարիամ Վարդանյան, Դավիթ Ղազարյան

 Ո՞րոնք են թեմայի նպատակները և ծրագրի իրագործման ակնկալվող արդյունքները:

Ինչպես արդեն նշեցինք, նախագծի նպատակն է հաշվառել, նկարագրել, ուսումնասիրել, մանրամասն լուսանկարել Թեհրանի «Արտակ Մանուկյան» թանգարանում հանգրվանած, երբևէ գիտական ուսումնասիրության չենթարկված հայկական նկարազարդ ձեռագրերի, հնատիպ գրքերի, գեղանկարչության, լուսանկարչության, տեքստիլի, արծաթյա կազմերի, մետաղյա ծիսական իրերի նմուշները, կազմել դրանց թանգարանային անձնագրերը և ստեղծել էլեկտրոնային շտեմարան:

Թեմայի իրականացումը հնարավորություն կտա գիտական ուսումնասիրության միջոցով հայտնի դարձնել «Արտակ Մանուկյան» թանգարանում պահվող արվեստի նմուշները գիտական և գիտահանրամատչելի շրջանակներում։ Նոր ձեռք բերված նյութերը կներկայացվեն միջազգային և տեղական գիտաժողովներում, հիմք կհանդիսանան ցուցահանդեսների համար, կներառվեն կրթական ծրագրերում, կհրատարակվեն առանձին գիտական հոդվածների, հետագայում՝ ամբողջական կատալոգի տեսքով, և, ամենակարևորը,  տվյալ ծրագիրը խթան կհանդիսանա գոյություն ունեցող նմանօրինակ թանգարանների հավաքածուների ուսումնասիրության համար։

Ծրագրի իրականացման գործում արդյո՞ք առկա են միջազգային համագործակցության նախադրյալներ։

Ծրագիրն իր բնույթով արդեն իսկ նախատեսում է միջազգային համագործակցություն։ Ծրագրի նախագիծը կազմելիս մենք ակնկալում էինք, որ  այն հնարավորություն կտա հետագայում համագործակցել ինչպես իրանական, այնպես էլ այլ երկրների թանգարանների, հայագիտական կենտրոնների հետ, կնպաստի նաև դրսի հավաքածուներում պահվող հայ արվեստի նմուշների ուսումնասիրման խթանմանը:  

Կարող ենք արձանագրել, որ դեպի Իրան կատարած մեր առաջին գիտական այցելության ժամանակ արդեն սկսեցին ուրվագծվել միջազգային համագործակցության հնարավորությունները։ Թեհրանում գտնվելու ընթացքում հանդիպումներ ունեցանք ինչպես հայ համայնքի, այնպես էլ Իրանի մշակութային ոլորտի բարձրաստիճան անձանց հետ, որոնց շատ հետաքրքրեց և ոգևորեց մեր աշխատանքը միտք տալով և հող նախապատրաստելով ապագա համագործակցությունների համար:

Ո՞ր փուլում է այժմ գտնվում ծրագիրը։ Ներկայացրեք ծրագրի ընթացքը։

Սույն թվականի հունիսի 22-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում մեր գիտական խումբն իրականացրեց ծրագրով նախատեսված առաջին այցելությունը «Արտակ Մանուկյան» թանգարան։ 10-օրյա գիտական գործուղման ընթացքում հաջողվեց կատարել հետևյալ աշխատանքները.

Թերթակալել, համառոտ նկարագրել եւ լուսանկարել հավաքածուում առկա հայերէն ձեռագրեր, դասակարգել և լուսանկարել թանգարանի լուսանկարների հավաքածուների մի մասը, չափագրել եւ լուսանկարել եկեղեցական սպասքի մետաղյա նմուշների մի մասը, լուսանկարել հայկական տարբեր շրջանների տարազի նմուշները, ինչպես նաև, թանգարանում պահվող որոշ եկեղեցական գործվածքներ։

Ըստ էության, կարող ենք արձանագրել, որ, ըստ օրացուցային պլանի, ծրագրի նախագծով ներկայացված աշխատանքներն այս պահին ամբողջությամբ կատարված են։ Պետք է նաև շեշտել, որ թանգարանի հավաքածուն շարունակ համալրվում է, և նույնիսկ մեր վերադարձից հետո թանգարանն արդեն հասցրել է ունենալ նոր ցուցանմուշներ: Հուսով ենք, որ աշխատանքի հետագա փուլերը ևս կկատարվեն առանց խոչընդոտների՝ հասցնելով թեմայի կատարման հաջող ավարտին։ 

Ի՞նչ կտա սույն ծրագրի իրագործումը գիտությամբ զբաղվող անձանց և մասնագիտական շրջանակներին։

Գիտական շրջանառության մեջ դրվող նոր նյութերը միշտ էլ իրենց հետ բերում են նոր գիտելիք, ուսումնասիրման նոր շերտեր, նոր հնարավորություններ։ «Արտակ Մանուկյան» թանգարանի նյութերը հետաքրքիր կլինեն գիտնականների բավական լայն շրջանակների ՝ արվեստաբանների, մշակութաբանների, ազգագրագետների, պատմաբանների, ձեռագրագետների, հայագետների, իրանագետների և մի շարք այլ ոլորտների ներկայացուցիչների համար։

Կիսվել