ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԱՐՏԱՇԵՍ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ «ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել Մատենադարանի երկարամյա գիտաշխատող՝ 1962 — 1977 թթ. գլխավոր ավանդապահ, պատմական գիտությունների թեկնածու, պատմաբան և ձեռագրագետ Արտաշես Մաթևոսյանի (1922-2004) աշխատությունների ժողովածուն, նվիրված գիտնականի ծննդյան 100-ամյակին։ Ժողովածուն կազմել և խմբագրել է Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանը։
Գիրքը բաղկացած է երկու մասից՝ առաջինը հիմնականում ձեռագրագիտական, երկրորդը՝ պատմաբանասիրական ուսումնասիրություններ, որոնցում ներկայացված են վաստակաշատ հեղինակի հոդվածները և աշխատությունները նվիրված հայերեն ձեռագիր մատյանին և գրչության արվեստին, գրչության կենտրոններին, հիշատակարաններին, նշանավոր ձեռագրերին (1000-ամյա թղթյա ձեռագիր, «Մշո Ճառընտիր», «Թարգմանչաց Ավետարան»), ինչպես նաև՝ Կորյունի «Վարք Մաշտոցի» երկին, Մովսես Խորենացու «Հայոց պատմության» Չորրորդ գրքին (որի գոյությունն ապացուցվում է հանգամանալից ուսումնասիրությամբ), Անանիա Շիրակացու «Քննիկոնին» և այլն։ Կիլիկյան Հայաստանի նշանավոր մատյաններից մեկի՝ «Հեթումի Ճաշոցի» մասին գիտնականի ծավալուն հոդվածը հրապարակվում է առաջին անգամ։ Գրքի վերջում զետեղված է հեղինակի աշխատությունների ամբողջական մատենագիտությունը։
Ավելացնենք, որ դեկտեմբերի 1-3-ը Մատենադարանում կազմակերպվող 8-րդ երիտասարդական գիտաժողովը նվիրված է Արտաշես Մաթևոսյանի 100-ամյակին։
Գրքի թվային տարբերակը տե՛ս այստեղ:

Կիսվել