ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ 13-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Հոկտեմբերի 9-11 Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության (ՀՈՒՄԸ) 13-րդ գիտաժողովը (տե՛ս գիտաժողովի ծրագիրը): Համաժողովը մեկնարկեց Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի բացման խոսքով: Կարևորելով այս իրադարձությունը հայագիտության համար՝ Հ. Թամրազյանը մասնավորապես նշեց. «Լինել հայագետ՝ նշանակում է շփվել մեծ կենսադաշտի, հազարամյակների պատմության ու մշակույթի հետ ու նաև հոգևոր գերզգայուն աշխարհի, ուր մտնողը չի կարող նվիրյալ չդառնալ»:
  Բացման հանդիսության  մասնակիցներին և ներկաներին ողջույնի խոսք էր հղել ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը, որը հնչեցրեց Մատենադարանի Կառավարման խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանը: Համաժողովի բացմանն իր կաթողիկոսական օրհնանքն էր հղել նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:
  Միջազգային մեծ հեղինակություն վայելող Հայագիտական Ուսումնասիրությունների Միջազգային Ընկերակցությունը հիմնադրվել է 1981 թ. հայագետներ Մայքլ Սթոունի և Յոս Վայթենբերգի նախաձեռնությամբ։ Կազմակերպությունը միավորում է ավելի քան 20 երկրներից (1988 թ. նաև Հայաստանից) 400-ից ավելի հայագետների և հարակից մասնագիտությունների ներկայացուցիչների: Ընկերակցության հիմնական նպատակներից է՝ խթանել հայագիտության զարգացումն իր բոլոր բնագավառներով, ի մի բերել և գիտական շրջանառության մեջ դնել նորագույն ուսումնասիրությունների արդյունքները, ինչպես նաև կազմակերպել այս ոլորտի մասնագետների փորձի փոխանակում:
  Երևանյան գիտաժողովի աշխատանքային երեք օրերի ընթացքում Մատենադարանի երեք սրահներում՝ մեծ դահլիճում, ընթերցասրահում և վիրտաուլ սրահում, ընթերցվեց 70 զեկուցում: Նիստերի ավարտին տեղի էր ունենում նիստի ընթացքում ընթերցված զեկուցումների քննարկում:
  Գիտաժողովի փակմանը ՀՈՒՄԸ նախագահ Վ. Կալցոլարին և քարտուղար Թեո Մաարտըն Վան Լինտը իրենց և մասնակիցների անունից շնորհակալություն հայտնեցին Մատենադարանի տնօրինությանը և համաժողովի կազմակերպիչներին՝ միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու համար: Գիտաժողովի արդյունքում նոր մենագրություններ ու գրքեր կծնվեն,  քանի որ այն բազմաթիվ նոր նախաձեռնությունների հարթակ դարձավ: Որպես «առաջնեկ»` հրատարակվելու է համաժողովում կարդացված զեկուցումների ժողովածուն:
  Հայագետների հաջորդ հանդիպումը նույն ձևաչափով տեղի է ունենալու Օքսֆորդում, երեք տարի անց` 2017 թ.:

Կիսվել