Լույս է տեսել Կոստանդ Ջուղայեցու «Աշխարհաժողով» աշխատությունը

Գիրքը ներկայացնում է Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի դպրոցի ուսուցիչ, վաճառական Կոստանդ Ջուղայեցու (1630-ական թթ. – 1702 թ.) «Աշխարհաժողով» խորագիրը կրող վաճառականական ձեռնարկ-դասագրքի գիտաքննական բնագիրը՝ առաջաբան-ուսումնասիրությամբ և դժվարամատչելի բառերի ու եզրույթների բառարանով հանդերձ։ «Աշխարհաժողով» երկը, հասցեագրված լինելով հայ վաճառականներին, շարադրվել է որպես տնտեսական համաշխարհային աշխարհագրություն, հայկական յուրօրինակ հանրագիտարան, որում ամփոփված են առևտրական բացառիկ տեղեկություններ Եվրոպայի, Ասիայի ու Աֆրիկայի բոլոր այն երկրների ու քաղաքների մասին, որոնք ընկած էին Նոր Ջուղայի համաշխարհային առևտրական ցանցի շուրջ միավորված հայ վաճառականների հետաքրքրությունների ոլորտում։Աշխատությունը հրատարակվել է որպես Մատենադարանի «Տնտեսական պատմության վավերագրեր» մատենաշարի չորրորդ հատոր։ Գիրքը լույս է տեսել Մատենադարանի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Սարգիս Բալդարյանի աշխատասիրությամբ, խմբագիր՝ պ.գ.դ. Վահան Տեր-Ղևոնդյան։ Ուսումնասիրությունն իրականացվել է Սպահանի հայոց թեմի և թեմական խորհրդի աջակցությամբ, հրատարակվել է Մուհամմադ Մաքքիի (Սիրիա) հովանավորությամբ։

Գրքի թվային տարբերակը տե՛ս այստեղ:

Կիսվել