«ԹՈՒՂԹՔ ՊԱՒՂՈՍԻ ԱՌԱՔԵԼՈՅ» ՔՆՆԱԿԱՆ ԲՆԱԳԻՐ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը լույս է ընծայել Մաշտոցյան Մատենադարանի արխիվի և արխիվագիտության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մալխասյանի աշխատասիրած «Թուղթք Պաւղոսի առաքելոյ» քննական բնագիրը։ Այն Մատենադարանի «Հայ հնագույն թարգմանական հուշարձաններ» մատենաշարի հերթական հատորներից է, որով սկիզբ է դրվում Աստվածաշնչի՝ Նոր Կտակարանի գրքերի քննական բնագրերի հրատարակությանը։ Պողոս առաքյալի նամակները կարևորվում են Քրիստոսի վարդապետության ճշգրիտ ընկալման առումով: Քննական բնագիրը աշխատասիրողի տասնյակ տարիների աշխատանքի արդյունքն է, որն աչքի է ընկնում ձեռագիր և տպագիր մեծաթիվ միավորների ընդգրկմամբ։ Բնագիրը ներառում է Պողոս առաքյալի անունով հիշատակված 15 (կանոնիկ՝ 14, պարականոն 1՝ Կորնթացւոց Գ) թղթերը, «Յաւելուած» բաժնում՝ թղթերին առնչվող հավելյալ («Յառաջաբան, Վկայութիւնք, Բովանդակութիւնք ընթերցուածոց և վկայութեանց, Յառաջագիր, Ցանկ», ինչպես նաև «Վերագիր, Թելադրութիւն, Նաւարկութիւն ի Հռոմ») գործերը։ Աշխատությունն արժևորվում է ընդարձակ տարընթերցվածներով, ծանոթագրություններով, հունարեն տեքստի հետ համեմատությամբ։ Հունարենի հետ համեմատությունը կատարել է Մատենադարանի թարգմանական մատենագրության բաժնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Գոհար Մուրադյանը:

Կիսվել