ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ, ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՈՒՄ

Նոյեմբերի 25-ին Մաշտոցյան Մատենադարանում տեղի ունեցավ Արևելագիտության բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.դ. Քրիստինե Կոստիկյանի «Մատենադարանի պարսկերեն հրովարտակները» գրքի շնորհանդեսը և Իրանի Ղաջարական դարաշրջանի մշակույթին նվիրված ցուցադրության բացումը։Քրիստինե Կոստիկյանի կազմած պրակում պատճեններով, բնագրերով, հայերեն ու անգլերեն թարգմանությամբ ներկայացված են Իրանի Ղաջարական իշխանությունների կողմից 1798-1829 թթ․ հրապարակված 96 հրովարտակներ, որոնք պահվում են Երևանի Մ․ Մաշտոցի անվան Մատենադարանում։ Ժողովածուի առաջաբանում քննվում է ընդգրկված վավերագրերի պատմագիտական արժեքը հայագիտության և հայ-իրանական հարաբերությունների ուսումնասիրման համար։Հրովարտակները հրապարակվել էին Այսրկովկասի շուրջ զարգացող ռուս-իրանական հակամարտության և պատերազմների շրջանում, ուստիև հայ-իրանական փոխհարաբերությունների, Երևանի խանության այդ ժամանակահատվածի պատմության կարևորագույն սկզբնաղբյուրներից են։ Աշխատությունը Մատենադարանի «Պարսկերեն վավերագրեր» մատենաշարի հերթական պրակն է։ Մատենաշարի առաջին հատորները 1950-60-ական թթ. կազմել է 20-րդ դարի խոշորագույն իրանագետ Հակոբ Փափազյանը:
Գիրքը հրատարակվել է «Գուրգեն Մելիքյանի Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներ» հիմնադրամի հովանավորությամբ:
Ցուցահանդեսի շրջանակում ներկայացվել են Մատենադարանում առկա Ղաջարական դարաշրջանի նկարազարդ ձեռագրեր, հրովարտակներ, այդ ժամանակաշրջանին բնորոշ ինքնատիպ կազմեր և Իրանի Նասեր Էդ-Դին շահի անձնական լուսանկարիչ Իրանում գեղարվեստական լուսանկարչության հիմնադիր Անթուան Սևրուգինի գործերը։ Առաջին անգամ ցուցադրվել են արվեստաբան, Մատենադարանի ավագ գիտաշխատող, ցուցահանդեսի համադրող Իվեթ Թաջարյանի անձնական հավաքածուից դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ, գործվածքներ և տարազ։

Կիսվել