«ՊԱՐԼՕ ՏԷՐ-ՄԿՐՏԻՉԵԱՆ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում Ֆրեզնոյի հայագիտական կենտրոնի ղեկավար՝ պրոֆ. Պարլօ Տէր-Մկրտիչեանի բարերարությամբ 2021 թ. հիմնվեց «ՊԱՐԼՕ ՏԷՐ-ՄԿՐՏԻՉԵԱՆ» ամենամյա մրցանակը: Մրցանակն ունի հետևյալ անվանակարգերը՝ «Լավագույն գիտական հետազոտություն», «Լավագույն կատարված աշխատանք», «Լավագույն աշխատակից» և ամեն տարի շնորհվում է Մատենադարանի այն աշխատակիցներին, որոնք անցնող երկու տարիներին առավելագույն ներդրում են ունեցել Մատենադարանի համար գերակա՝ գիտական և գիտատեխնիկական ոլորտներում:
Մրցանակի հանձնման արարողությունը մեկնարկեց ս.թ. հունիսի 17-ին, խորհրդանշական վայրից՝ Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցուց. Մաշտոցի դամբարան այցելությունից հետո եկեղեցու դպրատան սրահում տեղի ունեցավ մրցանակների հանձնման արարողությունը: Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը նախ շնորհակալություն հայտնեց մրցանակի հիմնադիր Պարլօ Տէր-Մկրտիչեանին նման մի մրցանակ սահմանելու համար՝ նշելով, որ սա այն դեպքերից է, երբ գաղափարը և ծրագիրը վերածվում են գործնական քայլերի և առաքելության՝ հանուն ազգային մշակույթի պահպանման ու զարգացման:


Այնուհետև տնօրենը հանգամանալի կերպով ներկայացրեց տարբեր անվանակարգերում մրցանակի արժանացած աշխատակիցներին և նրանց աշխատանքները՝ հատուկ մատնանշելով յուրաքանչյուրի գիտական կարևորությունն ու նշանակությունը: Բարձր գնահատելով և արժևորելով ներկայացված բոլոր աշխատանքները, Տեր-Ղևոնդյանը հավելեց, որ հանձնաժողովի անդամների համար հեշտ չէր ընտրություն կատարելը, քանի որ ներկայացված ուսումնասիրությունների մեջ շատ էին մակարդակով միմյանցից քիչ տարբերվող աշխատանքները, որոնցից շատերը արժանի էին բարձր գնահատականի:
Տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի և հանդիսության պատվո հյուր` պրոֆեսոր Կլոդ-Արմեն Մութաֆյանի կողմից մրցանակները հանձնվեցին Արմեն Մալխասյանին՝ «Լավագույն կատարված աշխատանք», Կարեն Մաթևոսյանին, Թամարա Մինասյանին և Արսեն Հարությունյանին՝ «Լավագույն գիտական հետազոտություն», Արթուր Պետրոսյանին և Դավիթ Ղազարյանին ՝ «Լավագույն աշխատակից» անվանակարգերում:
Հանդիսությանը ներկա էր նաև Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, որը ողջունելով ներկաներին նշեց, որ շատ խորհրդանշական է, որ Մաշտոցյան Մատենադարանի Մրցանակի հանդիսությունը կատարվում է Օշականում՝ Մաշտոցի մատուռ-դամբարանի խորհուրդի ներքո, որտեղ անթեղված են մեր գրի, լեզվի ու մշակույթի ակունքները:
Հանդիսության ավարտին Մատենադարանի տնօրենը հատուկ շնորհակալություն հայտնեց Մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև կազմակերպական բոլոր աշխատանքներն իրականացրած Միջազգային կապերի բաժնին և «Մաշտոց» հիմնադրամի թիմին՝ տիկ. Վարդի Քեշիշյանի գլխավորությամբ:


Հանդիսությունից հետո մատենադարանցիների խումբը մեկնեց Սասունիկ գյուղի հարևանությամբ գործող «Արմենիա վայն» գործարան, որտեղ նրանց ջերմորեն հյուրընկալեց տնօրեն Վահագն Մկրտչյանը: «Արմենիա վայն» գործարանի աշխատակիցների հետաքրքրական բացատրությունների ուղեկցությամբ խումբը շրջայց կատարեց Հայաստանի գինու պատմության նորաստեղծ թանգարանում:

Կիսվել