ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀՈԳՇ․ Տ․ ԶԱՔԱՐԻԱ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՎԱՐԴԱՊԵՏ ԲԱՂՈՒՄՅԱՆԻ՝ «ԿԻՐԱԿՈՍ ԵՐԶՆԿԱՑՈՒ՝ ՍՈՒՐԲ ԵՒԱԳՐ ՊՈՆՏԱՑՈՒ ԼՈՒԾՄՈՒՆՔՆԵՐԸ» ԱՇԽԱՏՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Հունվարի 21-ին, Մաշտոցյան Մատենադարանում, տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգշ․ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի՝ «Կիրակոս Երզնկացու՝ Սուրբ Եւագր Պոնտացու լուծմունքները» աշխատության շնորհանդեսը, որին մասնակցում էին Մայր Աթոռի միաբաններ, գիտակրթական հաստատությունների ղեկավարներ, հայագետներ և մատենադարանցիներ։
Շնորհանդեսի սկզբում Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը շնորհավորեց Հայր Զաքարիային հերթական աշխատության տպագրության առիթով՝ ուրախությամբ արձանագրելով, որ Հայոց Եկեղեցու սպասավորներն իրենց գիտական գործունեությամբ այսօր էլ շարունակում են գիտնական վարդապետների լավագույն ավանդները։ Ապա Մատենադարանի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Արուսյակ Թամրազյանը և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հոգշ․ Տ․ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանն անդրադարձան աշխատության հրատարակության կարևորությանը, բերած նորույթին, աշխատասիրողի բարեխիղճ և որակյալ աշխատանքին՝ շեշտելով, որ գրքի հրատարակությունը ոչ միայն կարևոր է ԺԴ դարի նշանավոր մատենագիր Կիրակոս Երզնկացու կյանքի, գործունեության, մատենագրական վաստակի ամբողջացման տեսանկյունից, այլև ունի միջազգային նշանակություն։
Վերջում ներկաներին իր սրտի և շնորհակալական խոսքն ուղղեց գրքի հեղինակը։ Հայր Զաքարիան խոսեց գրքի ստեղծման հանգամանքների և արդիականության մասին՝ շեշտելով, որ միջնադարյան հայ րաբունապետների երկերի հրատարակությունների միջոցով մենք հաղորդ ենք դառնում մեր ինքնությանը, հավատքին և առավել արժևորում մեր հոգեմտավոր հարուստ ժառանգությունը։

Կիսվել