ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՄԱՍՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

Երկա՜ր սպասված լուր աշակերտների, ուսուցիչների և ծնողների համար։

Հոկտեմբերի 1-ից Մատենադարանի թանգարանային մասում մեկնարկում են կրթական ծրագրերը՝ նախատեսված 1-8-րդ դասարանի աշակերտների համար։

Ծրագրերը մշակվել են՝ հաշվի առնելով

Դպրոցական դասընթացները Երեխաների տարիքային առանձնահատկություններն ու հետաքրքրությունները։

Յուրաքանչյուր կրթական ծրագիր բաղկացած է տեսական, գործնական հատվածներից և թեմատիկ շրջայցից։

Ծրագրերի տեսական հատվածում աշակերտները ծանոթանում են️ գրերին, զարդագրերին, ձեռագրաստեղծման և ձեռագրերի վերականգնման արվեստին, իսկ գործնական հատվածում

-Վերականգնում են վնասված գրքեր
-Խաղում են մտավոր խաղեր
-Լուծում են խաչբառեր, կամ
-Մտովի տեղափոխվում են միջնադար` դառնալով գրիչներ և մանրանկարիչներ։

Կրթության ոչ ֆորմալ եղանակները թույլ են տալիս մատուցվող նյութն ընկալել հեշտությամբ, օգնում են հետաքրքրություն առաջացնել ուսման հանդեպ, բացահայտել երեխաների ներաշխարհը, խրախուսել ինքնակրթությունը։

Ձեզ ենք ներկայացնում մեր կրթական ծրագրերը։

-«Տառերի աշխարհում» (1-2-րդ դասարաններ)
-«Այբուբենների համակարգը և Մաշտոցի գյուտը» (3-4-րդ և 5-6 դասարաններ)
-«Ինչպես են ծնվում ձեռագրերը» (4-5-րդ և 6-7-րդ դասարաններ)
-«Ձեռագրերի երկրորդ կյանքը» (5-8-րդ դասարաններ)
-«Հայերենի կենսագրությունը» (5-7րդ դասարաններ)

Գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել նշված հեռախոսահամարին
033 02 80 60

Կիսվել