ԱՎԵՏԱՐԱՆ, 1588 Թ., ԹՎԱՆՃ ԳՅՈՒՂ (ԿԱՐԻՆ)

Ծաղկող՝ Առաքել Գեղամեցի

Կարինի Թվանճ անապատում և Վայոց ձորում ստեղծագործած, «Արղութեցի մեծ ազգից» սերած Առաքել Գեղամեցին ուշ միջնադարի հայ մանրանկարչության առավել ուշագրավ ներկայացուցիչներից է, որի մանրանկարները հաճախ աչքի են ընկնում ինքնատիպ պատկերագրությամբ, կենցաղային մի շարք արտասովոր մանրամասներով, զարդաձևերի առկայությամբ և գունագեղությամբ: Այս Ավետարանում զետեղված Ծննդոց տեսարանը բացառություն չէ:

Բեթղեհեմյան քարայրի կապույտ խորքում Աստվածամայրն է՝ ծնկներն ասես երկունքի ցավից ծալած դեպի կուրծքը: Իսկ Մանուկ Հիսուսը կանգնած է ուսերից իջնող ճերմակ թիկնոցով, որը ծածկում է նաև Նրա ձեռքերը: Ինքնատիպ է նաև Աստվածամոր հանդերձի ձևը և գույնը: Նրա նախշազարդ թիկնոցն արծաթավուն գունավորում ունի` ընդունված կարմիրի, մանուշակագույնի կամ կապույտի փոխարեն: Տեսարանին մասնակից է նաև Հովսեփը՝ աջ ձեռքով հպվելով Աստվածամոր թիկնոցի քղանցքին: Այս մանրամասն, ասես, կերպավորումը լինի հետևյալ տողերի. «Յովսէ՛փ, որդի՛ Դաւթի, մի՛ երկնչիր առնուլ առ քեզ զՄարիամ` կին քո» («Յովսեփ՝ Դավիթի որդի, մի՛ վախենար քեզ մոտ առնել քո կին Մարիամին»)։

Կիսվել