Հայկական ձեռագրերի փրկության ու դրանց նոր շունչ հաղորդելու գործում բաժինն անգնահատելի դերակատարություն է ունեցել. օգնել է Երուսաղեմի, Հալեպի, Անթիլիասի, Զմմառի, Ջուղայի հայկական հավաքածուների պահոցներին:
Ձեռագրերի կոնսերվացման ու վերականգնման հերթական առաջարկը Մատենադարանը ստացել է 2023-ին Ուոթերթաունի Ամերիկայի Հայկական թանգարանից, որը ԱՄՆ-ում հայ արվեստի նմուշներ ունեցող ամենամեծ հաստատությունն է:
Bank of America-ի՝ 2023թ. տրամադրած դրամաշնորհային ծրագրի շնորհիվ սկիզբ է դրվել համագործակցային մի նախագծի, որի շրջանակում Մատենադարանի աշխատակիցները փուլային եղանակով իրականացրել և շարունակելու են իրենց մասնագիտական օժանդակությունը:
Առաքելություն ստանձնած առաջին խումբը՝ բաժնի վարիչ Գայանե Էլիազյանի, ավագ վերականգնող Սուսաննա Բարսեղյանի ու գլխավոր ավանդապահի ժամանակավոր պաշտոնակատար, ավագ գիտաշխատող Դավիթ Ղազարյանի մասնակցությամբ, ԱՀԹ-ի ձեռագրերի վերականգնման աշխատանքները սկսել են 2023-ի ամռանը: Իսկ համագործակցությունը Ամերիկայի Հայակական թանգարանի հետ սկսվել է 2022թ.-ից՝ հավաքածուի ընդարձակ նկարագրությունների պատրաստման աշխատանքներով, որն իրականացնում է Դավիթ Ղազարյանը: Այն հարուստ ու արժեքավոր է՝ հավաքված հիմնականում նվիրատվությունների շնորհիվ: Կան Ավետարաններ, որոնցից հնագույնը 1207թ-ի Կիլիկիայի մագաղաթյա Ավետարանն է (Սբ.Կարապետ), Շարակնոցներ, Սաղմոսարան, Աղոթագիրք, Խորհրդատետր, Գանձարան, աշխարհիկ, աստվածաբանական, գրական ժողովածուներ, պատառիկներ, հմայիլներ: Քիչ ուսումնասիրված պահոցի առողջացման համար պահանջվել է վիրահատական բարդության աշխատանք: «Փրկարար-բժիշկները», որոնց երկրորդ փուլով միացել էր նաև ավագ վերականգնող Թագուհի Ճենտերեջյանը, առ այս պահը ախտահանել ու բուժել են 4836 ձեռագիր թերթ՝ թթվազրկել 530-ը, մանրէազերծել 19 ձեռագիր պատառիկ, բուժել մեկ հնատիպ Աստվածաշունչ, նորոգել 20 պատառիկ: ԱՀԹ յուրաքանչյուր ձեռագիր եզակի է և ցուցադրված է բնօրինակով:
Թանգարանի տնօրեն Ջեյսոն Սոհիկյանը, կարևորելով Մատենադարանի բարձրակարգ մասնագետների նվիրական ջանքերը ձեռագրերի վերականգնման պատասխանատու գործում՝ նրանց համար ձևավորել է համապատասխան միջավայր ու հնարավորություններ՝ անկաշկանդ ու երկարատև գործունեության համար:
Ի դեպ, արվեստի պահպանման ծրագրի շրջանակում, Bank of America-ի կողմից ԱՀԹ ընտրվել է որպես 23 մշակութային հաստատություններից մեկը, ինչի շնորհիվ թանգարանը երկարաձգելու է գործակցությունը Մատենադարանի հետ:
Ծրագրի հաջորդ փուլում Մատենադարանի նույն պատվիրակությունը՝ որին կմիանա նաև ավագ վերականգնող Արթուր Պետրոսյանը, պատրաստվում է ԱՄՆ հերթական այցին, որի ընթացքում պիտի շարունակեն փրկել հայկական գանձերը: Անհապաղ ուսումնասիրման և նորոգման կարոտ ձեռագիր պատառիկներն ու ժապավենաձև հմայիլներն են այս անգամ լինելու աշխատանքի թիրախում: