
Մատենադարանի Թանգարանի ղեկավար, Արևելագիտության բաժնի ավագ գիտաշխատող Իվեթ Թաջարյանը ճապոնացի հայագետ, Տոկիոյի համալսարանի Տարածաշրջանային ուսումնասիրությունների ֆակուլտետի պրոֆեսոր Կարեն Համադայի հրավերով փետրվարի 19-ից 25-ը գործուղվել է Ճապոնիա։
Այցի շրջանակներում Իվեթ Թաջարյանը «Պարսկական մանրանկարչական դպրոցները Մատենադարանի պարսկերեն նկարազարդ ձեռագրերի օրինակով» (”Persian Miniature Schools: Based on the Matenadaran illustrated Persian manuscripts”) թեմայով դասախոսություն է կարդացել Տոկիոյի համալսարանի Միջին Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնում, այնուհետև մասանկցել է Օսակա քաղաքի Ազգագրության թանգարանում «Ձեռագրերը հատում են սահմանները. ձեռագրեր, թարգմանություն և փոխանցում Կովկասում և Կովկասից դուրս» (”Manuscripts Crossing Borders: Transcription, Translation, and Transference of Manuscripts in/beyond the Causcasus”) խորագրի ներքո կազմակերպված միջազգային աշխատաժողովին, որի ընթացքում պրոֆեսոր Կարեն Համադայի հետ ներկայացրել է «Համադանից Օսակա Նյու Յորքի ճանապարհով․ Նականիշիի անվան ազգագրության ազգային թանգարանի հայերեն ձեռագիրը» (”From Hamadan to Osaka, via New York: The Armenian Manuscript from Nakanishi Collection of the National Museum of Ethnology”) զեկուցումը։
Եռօրյա աշխատաժողովի ընթացքում նրանք ուսումնասիրել են բնօրինակ ձեռագիրը, որի համալիր ուսումնասիրման և վերականգնման շուրջ ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ։
Ճապոնիայում պահվող միակ հայերեն ձեռագրին նվիրված եռօրյա աշխատաժողովի արդյունքները և Մաշտոցյան Մատենադարանի հետ համատեղ գիտացուցադրական ծրագրերի իրականացման հեռանկարները քննարկվել են նաև Ճապոնիայում ՀՀ դեսպան Արեգ Հովհաննիսյանի հետ հանդիպման ընթացքում։