Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն այս ցուցադրությունը համարել է երկու քաղաքակրթությունների ու մշակութային պատկանելության համերաշխության դրսևորում։ Միևնույն ժամանակ այն արտացոլում է Մատենադարանի տնօրենության որդեգած քաղաքականությունը՝ դիվերսիֆիկացնել ցուցադրությունները։ «Պատկերի պոեզիան» ցուցադրությանը բացառիկ ձեռագրական ցուցանմուշներից բացի առաջին անգամ պահոցներից հանվել ու հանրությանն են ներկայացվում Անդրե Սևրուգյանի ստեղծագործական տարբեր փուլերին պատկանող հաստոցային գեղանկարներ։
Ցուցադրությունը կայացել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների հետ համագործակցությամբ, ինչպես նաև Հայաստանի պատմության թանգարանի, Երևանի պետական համալսարանի, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, Հայոց ցեղասպանության թանգարան-իստիտուտի, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի, Սարդարապատի հուշահամալիրի, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի մասնակցությամբ։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Տեր Սևակ քահանա Սարիբեկյանը և Մատենադարանի թանգարանային մասի ղեկավար` Իվեթ Թաջարյանը։