ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ՝ «ԿԻՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳԻՐ 2024»-Ի ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՐԿՈՒ ԳԻՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ ԵՐԵՔԱԿԱՆ ՏԱՐՈՎ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԵԼ Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

«Լեզվիմացություն. բազմալեզվություն թե՞ բազմամանրալեզվություն –16-18-րդ դարերի հայերեն ձեռագիր դեղագրքերի և բժշկարանների հանրալեզվաբանական քննություն» խորագրով ծրագրի ղեկավարն է Մատենադարանի ավագ գիտաշխատող Հասմիկ Կիրակոսյանը։ Ծրագրի անդամներն են Մատենադարանի ավագ գիտաշխատողներ Վեներա Մակարյանը, Գոռ Երանյանը, և ԵՊԲՀ-ի ասիստենտ Գայանե Սահրադյանը։ Ծրագիրը վերաբերում է 16-18-րդ դարերի հայերեն ձեռագիր բժշկարանների, դեղագրքերի, նաև՝ մատենակից և առանձին բառարանագրական երկերի բնագրերի լեզվական հարցերին՝ հանրալեզվաբանության տեսակետից, ինչպես նաև վաղ արդի շրջանի բժշկական գրքի լեզվի կառուցվածքային համակարգի, լեզվական նկարագրի՝ բազմալեզվության, և բազմամանրալեզվության ուսումնասիրությանը։
«Բնագիր, մերձբնագիր, պատկեր. գրքի եւ գիտելիքի շրջանառությունն ու փոխանցումը վաղ արդի շրջանում Օսմանյան կայսրությունում եւ դրանից դուրս» խորագրով ծրագրի ղեկավարն է Մատենադարանի «15-19-րդ դդ. հայ մատենագրության բաժնի» վարիչ Աննա Օհանջանյանը։ Ծրագրի անդամներն են Մատենադարանի ավագ գիտաշխատող Գառնիկ Հարությունյանը, գիտաշխատողներ Անուշ Սարգսյանը և Անի Ենոքյանը։ Ծրագիրը վերաբերում է Աստվածաշունչ մատյանի ստեղծմանը 17-րդ դարի բազմամշակույթ քաղաքային համատեքստում: Բացի այդ, ուսումնասիրվելու են տվյալ դարում Աստվածաշունչ մատյանների միջոցով գիտելիքի փոխանցման, ձեռագիր Աստվածաշնչերի տեղաշարժերի, սուրբգրային կանոնի, դրանից շեղումների, մերձբնագրի, մանրանկարչության և գրչակենտրոնների ավանդույթների առանձնահատկությունները։

Կիսվել