ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄԻՋՆԱԴԱՐԱԳԻՏԱԿԱՆ 10-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Եռօրյա գիտաժողովին զեկուցումներով հանդես են եկել Հայաստանի և արտերկրի (Ռումինիա, Իտալիա, Հունաստան, Շվեյցարիա, Ավստրիա, Իսրայել, Ֆրանսիա) գիտակրթական տարբեր հաստատությունների շուրջ երեք տասնյակ հետազոտողներ։

Զեկուցումները վերաբերում էին միջնադարագիտության ամենատարբեր բնագավառների (ձեռագրագիտություն, աղբյուրագիտություն, բանասիրություն, արվեստագիտություն, պատմագիտություն և այլն), որոշ օրինակներով ներկայացվեց թվային հումանիտար գիտության նշանակությունը հայագիտական հետազոտություններում։

Գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ Խաչիկ Հարությունյանը, բարձր գնահատելով գիտաժողովի կարևորությունը, ամփոփմանը նշեց, որ նախընթաց շրջանի երիտասարդ հետազոտողներից շատերը տարբեր ոլորտներում հաջողությամբ շարունակում են իրենց ուսումնասիրությունները, պաշտպանել են թեկնածուական ատենախոսություններ, ինչպես նաև դասավանդում են հանրապետության բուհերում։

Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը անդրադառնալով Միջնադարագիտական միջազգային գիտաժողովի կարևորությանը՝ նշեց, որ այն իր հաստատուն տեղն ունի ինչպես մատենադարանյան, այնպես էլ հայագիտական միջազգային իրադարձությունների շարքում։ Նա ընդգծեց, որ այսուհետ ևս ամեն ջանք գործադրվելու է մասնակիցների աշխարհագրությունն ընդլայնելու ուղղությամբ։

Գիտաժողովի իրականացմանն աջակցել են «Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամ»-ը և Ֆրեզնոյի պետական համալսարանի Հայագիտական ամբիոնի վարիչ պրոֆ. Պարլօ Տէր-Մկրտիչեան։

Կիսվել