ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅ ՀՈԳԵՎՈՐ-ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

Արդեն երկրորդ անգամ Հայագիտական միջազգային կոնգրեսի շրջանակում տեղի է ունենում հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիների և ՀՀ պետական մարմինների ղեկավարների հանդիպումը։ Ինչպես 2024 թ.-ին, այնպես էլ այս տարի հանդիպման օրակարգում էր հոգևոր-ձեռագրական կենտրոնների հետ գործնական կապերի խորացումը, պետական աջակցության ուղղությունների և ձևաչափերի որոշումը։

Քննարկմանը մասնակցել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության«Կիլիկիա» Մատենադարանի մատենադարանապետ Գերաշնորհ Տեր Շահան Արքեպիսկոպոս Սարգիսեանը, Զմմառու Պատրիարքական Կղերի Միաբանության Մայրավանքի Փոխմեծաւոր,մատենադարանի և թանգարանի տնօրեն Հայր Նարեկ վրդ. Լուիսեանը, Երուսաղեմի Հայոց պատրիարքության Սբ. Թեոդորոս ձեռագրատան ու Հելեն և Էդվարդ Մարդիկյան թանգարանի տնօրեն Հոգեշնորհ Տեր Արշակ աբեղա Ղազարյանը, Վենետիկի Մխիթարյան Միաբանության ձեռագրերի պատասխանատու Հոգեշնորհ Տեր Վահան ծայրագույն վարդապետ Օհանեան, Վիեննայի Մխիթարյան Միաբանության գիտաշխատող և փոխգրադարանապետ Հոգեշնորհ Հ. Վահան ծ. վրդ. Յովակիմեանը, ինչպես նաև Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի տնօրենը և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչը։

Ելնելով այն հանգամանքից, որ ակտիվանալու է համագործակցությունը՝ կենտրոնների ձեռագրերի վերականգնման և համատեղ ցուցադրությունների ոլորտում, Մատենադարանի տնօրինության նախաձեռնությամբ տրվել են համակողմանի պարզաբանումներ՝ գրավոր կոթողների տեղաշարժերի ընթացակարգերի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա քննարկման արդյունքներով մեկնարկել է ձեռագրերի թվայնացման աջակցությունը, հաստատվել են համատեղ ցուցադրությունների ծրագրերը։

Կիսվել