ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԳԾՈՎ ՏԵՂԱԿԱԼ ՎԱՀԵ ԹՈՐՈՍՅԱՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԿՐԱԿՈՎԻ ՅԱԳԵԼՈՆՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, ՀԱՆԴԻՊԵԼ ԿՐԹԱԿԱՆ ԳԾՈՎ ՊՐՈՌԵԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ՊԱՎԵԼ ԼԵՅԴԼԵԻ ՀԵՏ

2025թ. դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ պատվո հյուպատոս Հրաչյա Բոյաջյանը, Յագելոնյան համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ստանիսլավ Սրոկան, համալսարանի թանգարանի տնօրեն, պրոֆեսոր Քշիշտոֆ Ստոպկան, Պտամության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Պավել Միեժվան և նույն ինստիտուտի գիտաշխատող Տոմաշ Կշիժովսկին։

Հանդիպմանը մեծապես կարևորվել է Մատենադարանի և Յագելոնյան համալսարանի միջև համագործակցության հաստատման անհարժեշտությունը։ Ընդգծվել է լեհահայերի մատենագրական հարուստ ժառանգության ուսումնասիրմանն ու հանրահռչակմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացումը։ Վահե Թորոսյանը բարձր է գնահատել համալսարանում հայագիտական հետազոտությունները խթանող նախաձեռնությունները, մասնավորապես սույն թվականի դեկտեմբերի 3-ին Պատմության ինստիտուտում Սադոկ Բառոնչի անվան հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի բացումը։ Նա կենտրոնի հայագետներին հրավիրել է մասնակցելու Հայագիտական միջազգային կոնգրեսին։

Վահե Թորոսյանն ու Հրաչյա Բոյաջյանն այցելել են Յագելոնյան համալսարանի Պատմության ինստիտուտ, թանգարան և գրադարան, ծանոթացել իրականացվող հետազոտական աշխատանքներին, ցուցադություններին ու գրադարանային հավաքածուներին։

Այցի շրջանակում Վահե Թորոսյանը մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Լեհաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ դեկտեմբերի 12-13-ը Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանում տեղի ունեցած օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների երկրորդ համաժողովին՝ ներկայացնելով «Հայագիտության միջազգայնացումը և Մատենադարանը» զեկուցումը:

Կիսվել