ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ

Հոկտեմբերի 9-11 Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում կայացած Հայագիտական Ուսումնասիրությունների Միջազգային Ընկերակցության (ՀՈՒՄԸ) 13-րդ գիտաժողովի մասնակիցները Երևանում աշխատանքներն ավարտելուց հետո այցելեցին Լեռնային Ղարաբաղ: Այցելության երկու օրերի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան տեսնելու հայկական ճարտարպետության հուշարձանները, Շուշիում այցելեցին կերպարվեստի պետական թանգարան: Ճանաչողական նպատակ հետապնդող այս այցը խորն ազդեցություն ունեցավ օտարազգի հայագետների վրա: Հատկապես տպավորիչ էր այցելությունը Գանձասարի վանքին կից կառուցվող գիտամշակութային  համալիր, որտեղ նախատեսվում է հիմնել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոն: Աշխարհի տարբեր անկյուններից Արցախ այցելած  մոտ  հիսուն հայագետների` Երևանի Մատենադարանի տնօրեն Հրաչյա  Թամրազյանի գլխավորությամբ, ընդունեց   նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Բ.Սահակյանը ընդգծեց հայագիտական ուսումնասիրություններում Արցախի դերն ու նշանակությունը: Նա նշեց, որ Արցախում հատուկ ուշադրություն են դարձնում տարբեր երկրների գիտական շրջանակների հետ կապերի հաստատմանն ու խորացմանը՝ այն համարելով գիտամշակութային հարաբերությունների զարգացման առանցքային ուղղություններից մեկը:

Կիսվել