ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ԱՐՑԱԽԻ ԵՎ ՈՒՏԻՔԻ ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՖՐԱՆՍԵՐԵՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ-ՊԱՏԿԵՐԱԳԻՐՔԸ

Մաշտոցյան Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել «Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» ֆրանսերեն ուսումնասիրություն-պատկերագիրքը։ Աշխատությունը հեղինակել են Հրավարդ Հակոբյանը, Թամարա Մինասյանը և Վահե Թորոսյանը, խմբագրել է Կարեն Մաթևոսյանը, ֆրանսերեն է թարգմանել Աիդա Չարխչյանը։
Հրատարակությունն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհով։ Գիրքն առաջին անգամ տպագրվել է 2022 թ․-ին անգլերեն լեզվով՝ Հայ բարեգործական ընդհանուր միության Լորենս Թերզյան ֆոնդի ֆինանսավորմամբ։
Գիրքը նվիրված է պատմական Հայաստանի երկու հարակից նահանգների պատմությանն ու ձեռագրական ժառանգությանը:
Հատորի սկզբում աղբյուրագիտական հարուստ տվյալներով ներկայացվում է Արցախ-Ուտիքի համառոտ պատմությունը հնագույն ժամանակներից մինչև 19-րդ դար:
Երկրորդ գլխում ներկայացվում է Արցախի և Ուտիքի գրչության կենտրոնների պատմությունը, 13-18-րդ դդ. գրչատներում ստեղծված ձեռագիր մատյանները, որոնց մի զգալի մասը պահվում է Մատենադարանում, մի մասն էլ ցրված է աշխարհի տարբեր թանգարաններում և ձեռագրատներում:
Գրքի երրորդ մասը նվիրված է Արցախի մանրանկարչական արվեստին ու զարդանկարչությանը, որն ամբողջական պատկերացում է տալիս Արցախի-Ուտիքի մանրանկարչական դպրոցի և այնտեղ ձևավորված ձեռագրական ավանդույթների մասին:
Պատկերազարդ ձեռագրերի 100-ից ավելի նկարներ և գիտահանրամատչելի նյութեր ամփոփող հատորը միտված է հանրահռչակելու միջնադարյան Արցախի և Ուտիքի հարուստ բայց շատերին անծանոթ գրավոր ժառանգությունը:
«Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» ֆրանսերեն ուսումնասիրություն-պատկերագրքի հրատարակության ծրագրի ղեկավարն է Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, համակարգողը՝ Միջազգային կապերի բաժնի վարիչ Վարդի Քեշիշյանը, գրքի ձևավորողը՝ Մարտիկ Տոլմաճյանը, քարտեզի հեղինակը՝ Գեղամ Բադալյանը։

Գիրքը լույս է տեսել «Անտարես» հրատարակչատանը։

Կիսվել