2018 թ. հունիսի 13-14-ին Մատենադարանում տեղի ունեցան ասորագիտական թեմաներով դասախոսություններ՝ ոլորտի առաջատար և ճանաչված պրոֆեսորներ Անդրեա Շմիդտի (Լուվենի Կաթոլիկ համալսարանի Քրիստոնեական մշակույթների և Մերձավոր Արևելքի երկրների ամբիոն) և Գաբի Աբուսամրայի (Լիբանանյան համալսարանի Հնագիտության ամբիոն) կողմից: Դասախոսությունների թեմաներն էին՝ «Մատենադարանի ասորերեն ձեռագրերի հավաքածուն. հմայիլների առանձնահատուկ արժեքը», «Մատենադարանի ասորերեն հմայիլների հինմիջագետքյան աղերսները», «Միքայել Ասորու «Ժամանակագրութիւնը» և հարցի ուսումնասիրվածության վիճակը»: Դասախոսություններին ներկա էին ինչպես Մատենադարանի, այնպես էլ այլ գիտական հաստատությունների ներկայացուցիչներ, գիտաշխատողներ և ուսանողներ: Դասախոսություններն ուղեկցվեցին ոլորտի շուրջ հետաքրքիր հարցադրումներով և քննարկումներով:
Ինչպես նշեց Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, նման դասախոսությունները էական նշանակություն ունեն Հայաստանում ասորագիտության զարգացման համար:
Տեղեկացնենք նաև, որ պրոֆ. Անդրեա Շմիդտը՝ պրոֆ. Էրիխ Ռենհարտի հետ համատեղ, ներկայում պատրաստում են Մատենադարանում պահվող ասորական ձեռագրերի ամբողջական ցուցակը: