ԼԵՎՈՆ ԽԱՉԻԿՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Մաշտոցյան Մատենադարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Մատենադարանի հիմնադիր տնօրեն, ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի լիագումար նիստը: Նիստը նախագահում էր Մատենադարանի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Վահան Տեր-Ղևոնդյանը: Լիագումար նիստի ընթացքում կայացավ միջազգային գիտաժողովի ամփոփումը: Խոսքով հանդես եկան՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, Մատենադարանի գլխավոր ավանդապահ Գևորգ Տեր-Վարդանյանը, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանը, Մատենադարանի բժշկագիտության և բնագիտության պատմության ուսումնասիրման բաժնի վարիչ Ստելլա Վարդանյանը, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Կլոդ-Արմեն Մութաֆյանը:
Մատենադարանի հիմնադիր տնօրեն, ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը կազմակերպել էին Մաշտոցյան Մատենադարանը և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան (տե՛ս գիտաժողովի ծրագիրը): Գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին ավելի քան 70 զեկուցում հայագիտության տարբեր ուղղություններով՝ աղբյուրագիտություն, ձեռագրագիտություն, բանասիրություն, արվեստ, փիլիսոփայություն, պատմություն, աստվածաբանություն և այլն: Միջազգային գիտաժողովին զեկույցներով հանդես եկան նաև արտասահմանյան (Իտալիա, Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ, Շվեյցարիա, Հունաստան, Ուկրաինա) հեղինակավոր գիտնականներ: Գիտաժողովի բացման արարողությունից հետո բացվել էր Լևոն Խաչիկյան ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցադրություն:
Գիտաժողովի ավարտին տեղի ունեցավ գրքերի շնորհանդես:
1.Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, ԺԴ դար: Հատոր Ա: Կազմողներ՝ Լ.Խաչիկյան, Ա.Մաթևոսյան, Ա.Ղազարոսյան.-Եր.: «Նաիրի» հրատարակչություն, 2018.-644 էջ:
Ժողովածուն ընդգրկում է 1301-1325 թվականներին գրված հայերեն ձեռագրերի հիշատակարանները, որոնց մի մասը հրատարակել է Լ.Խաչիկյանը (1918-1982) «ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ» գրքում (1950), մյուս մասը լրացրել են Ա.Մաթևոսյանը (1922-2004) և Ա.Ղազարոսյանը:
Հրատարակվող հիշատակարանները կարևոր աղբյուր են հայ ժողովրդի պատմության, ինչպես նաև բանասիրական ուսումնասիրությունների համար:
Հայերեն հիշատակարանների վերջին հրատարակությունը՝ «Նյութեր հայ ժողովրդի պատմության» մատենաշարով իրականացվել է Մատենադարանում՝ 30 տարի առաջ:
Գիրքը ներկայացրեցին Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, գրքի խմբագիր Կ.Մաթևոսյանը և գիրքը կազմողներից Արփենիկ Ղազարոսյանը:
2.Նազենի Ղարիբյանի և Անի Սահակյանի աշխատասիրությամբ լույս է տեսել «Ոսկանյան Աստվածաշնչի պատկերագրությունը. Եվրոպական արվեստի զուգահեռներով» գիրքը (Եր., «Անտարես», 2018-512 էջ, անգլերեն թարգմանությունը՝ Սոնա Բալոյանի, մասնագիտական խորհրդատվությունը՝ Անի Ենոքյանի): Երկլեզու ալբոմ-գիրքը նվիրված է Ոսկան Երևանցու հրատարակած հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի նկարազարդումներին: Առաջին անգամ բարձրորակ վերատպությամբ ներկայացված բոլոր 160 թեմատիկ փորագրանկարներն ուղեկցվում են հորինվածքի համար նախօրինակ ծառայած պատկերներով, ինչպես նաև պատմական ու արվեստաբանական լիարժեք վերլուծությամբ: Այս թեմատիկ պատկերները բացառիկ կարևորություն ունեն նոր 15-17-րդ դարերի եվրոպական ամենահայտնի նկարիչների և փորագրիչների աշխատանքները: Վերջինների պատկերագրական, ոճական և տեխնիկական ամբողջությունը՝ նախկին վարպետների գործերին գեղարվեստական հղումներով և ժամանակի շնչով թելադրված ստեղծագործական նորարարություններով, ներկայացնում է դարաշրջանի արևմտաքրիստոնեական արվեստի խտացված համայնապատկերը:
Գիրքը ներկայացրեց հեղինակը՝ ՀՀ մշակույթի փոխնախարար, Մատենադարանի ավագ գիտաշխատող Նազենի Ղարիբյանը:
3.Լույս է տեսել «Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ի կազմակերպած «Երիտասարդական 3-րդ գիտաժողով»-ի զեկուցումների ընտրանին (Եր., 2018, «Արմավ» հրատարակչություն): Գիտաժողովի կազմակերպումը և նյութերի հրապարակումը՝ ՀՀ ԳՊԿ ֆինանսական աջակցությամբ: Ժողովածուի խմբագրական խորհուրդ՝ պ.գ.դ Վահան Տեր-Ղևոնդյան, պ.գ.դ. Կարեն Մաթևոսյան, պ.գ.դ. Գևորգ Տեր-Վարդանյան, բ.գ.դ. Գոհար Մուրադյան, պ.գ.թ. Վահե Թորոսյան, բ.գ.թ. Խաչիկ Հարությունյան, անգլերեն նյութերի խմբագրումը՝ Գոհար Թոփչյանի:
Հրատարակվող նյութերն առնչվում են հայագիտական տարբեր ոլորտներին՝ աղբյուրագիտություն, ձեռագրագիտություն, պատմագիտություն, արվեստաբանություն, լեզվաբանություն, աստվածաբանություն և այլն:

Կիսվել