Կիմ Մուրադյանի արխիվի նվիրատվությունը Մաշտոցյան Մատենադարանին

Վաստակաշատ հայ միջնադարագետ, հայագետ-բյուզանդագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կիմ Մուրադյանի քրոջ որդին ՝ պատմական գիտություների դոկտոր Խաչատուր Ստեփանյանը սեպտեմբերի 3-ին Մաշտոցյան Մատենադրանին նվիրաբերեց Մուրադյանի անձնական արխիվը: Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը խորին շնորհակալություն հայտնեց Կիմ Մուրադյանի ընտանիքին և հանձնեց շնորհակալագիր:Կիմ Մամբրեի Մուրադյան (1938 — 1991), հայ միջնադարագետ, հայագետ-բյուզանդագետ: Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։Կիմ Մուրադյանը զբաղվել է հայ-բյուզանդական մատենագրական առնչություններով։Հմտացել է հունարենին և 1970 թվականին որպես թեկնածուական դիսերտացիա պաշտպանել իր անդրանիկ մենագրությունը՝ «Բարսեղ Կեսարացու «Վեցաւրեան» հայ մատենագրության մեջ»: «Վեցաւրեայի» հետքերը հայ մատենագրության մեջ պրպտելիս Կիմ Մուրադյանը վերանայել է Կորյունի, Եզնիկ Կողբացու, Եղիշեի ու Անանիա Շիրակացու գործերի աղբյուրներին վերաբերող շատ ավանդական դրույթներ։ Հետագայում այդ ամենը «Վեցաւրեայի» գիտական բնագիրը հրատարակելու հիմք է ծառայել, որով և սկիզբ է դրվել Մատենադարանի տնօրեն Լևոն Խաչիկյանի նախաձեռնած «Հայ թարգմանական հուշարձաններ» մատենաշարին։Մի քանի տարի վարել է «Լրաբեր հասարակական գիտությունների» ամսագրի պատասխանատու քարտուղարի պաշտոնը։1976 թվականին աշխատանքի է տեղափոխվել ԳԱ արևելագիտության ինստիտուտի նորաբաց Կովկասագիտության և բյուզանդագիտության բաժին։ Այստեղ նա ավարտել ու հրատարակել է իր երկրորդ մենագրությունը՝ «Գրիգոր Նազիանզացին հայ մատենագրության մեջ», որի համար նրան շնորհվել է բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ Միաժամանակ գիտական հանդեսներում նա տպագրել է մի շարք աղբյուրագիտական բնագրագիտական ուսումնասիրություններ։ Մահվանից առաջ հրատարակության է հանձնել Գրիգոր Նյուսացուն նվիրված մենագրությունը և ավարտել Բարսեղ Կեսարացու «Պահոց գրքի» պատրաստումը:

Կիսվել