ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՍԵՐՎԵՐԱՅԻՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ

Մաշտոցի անվան Մատենադարանի թվայնացման բաժինը ծրագրավորել և գործարկել է Մատենադարանի զբոսավարների աշխատանքը կարգավորող սերվերային ծրագիր (Smart Excursion), որի հեղինակը թվայնացման բաժնի աշխատակից, ծրագրավորող Արա Գասպարյանն է։
Ծրագիրը համացանցային հավելված է, որը մշակվել է թանգարանային էքսկուրսիաների կառավարման համար: Ծրագիրը կարգավորում է «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի էքսկուրսիաների կառավարման կանոնները և ինտեգրված է ինստիտուտի ներքին ցանցում:
Ծրագիրն ապահովում է էքսկուրսիաների ատրիբուտները կառավարելու գործիքներ, ինչպիսիք են էքսկուրսիաների լեզուն, ուղեգիծը, նախաձեռնողը և այլն, և հետևում է էքսկուրսիաների ժամանակային բնութագրիչներին (օրինակ՝ գրանցում, փաստացի ժամանում, էքսկուրսիայի մեկնարկի և ավարտի ժամանակ):
Ծրագրում ներառված է հերթերի կառավարման համակարգ, որն ապահովում է զբոսավարների բեռնվածության հավասարակշռումը, ինչպես նաև հնարավորություն է տալիս կազմակերպել էքսկուրսիոն ուղիները ցուցասրահներում: Ոչ պակաս կարևոր է ծրագրաշարում ներառված վիզուալիզացիայի և հաշվետվության գործիքների հարուստ բազմազանությունը, ինչը հնարավորություն է տալիս էքսկուրսիաների հետ կապված հանգամանքների ակտուալացում ներկա ժամանակում:
Հավելվածում ներառված և անընդհատ լրացվող տվյալները հնարավոր կդարձնեն վիճակագրական և արհեստական բանականության (AI) մոդելներ ստեղծել՝ ավելի լավ հասկանալու համար զբոսաշրջության միտումների օրինաչափություններն ու փոփոխությունները (օրինակ՝ ծանրաբեռնվածությունը, սեզոնայնությունը և այլն), ինչի հիման վրա հնարավոր կլինի կառուցել կանխատեսման մոդելներ, որոնք կծառայեն էքսկուրսիաների կազմակերպման բարելավմանը:
Նորաստեղծ ծրագիրը կարելի է կիրառել նաև այցելուների մեծ հոսքեր ունեցող այլ թանգարաններում։

Կիսվել